չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Շրջակա միջավայրի նախարարն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Շրջակա միջավայրի նախարարն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։

Քննարկվել են առաջիկա կիրակի օրն անցկացվող համապետական ծառատունկի նախապատրաստական աշխատանքները։

ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ\պ Պավել Ցուգունյանը զեկուցել է ծառատունկի նախապատրաստական աշխատանքների ներկա փուլի մասին։ Քննարկվել են ծառատունկի համար հատկացված համապատասխան բնութագրեր ունեցող տարածքների քարտեզները, տնկանյութի մատակարարման պատշաճ կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Պավել Ցուգունյանը հավաստիացրել է, որ կարվի հնարավորը ծառատունկը հավուր պատշաճի իրականացնելու համար։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրին․ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը նախարարին զեկուցել է այս ընթացքում իրականացված աշխատանքների մասին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր դիտարկումներ կիրականացնի Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների տեղադրման սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման և դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։

Նախարարը հանձնարարել է մշակել և սահմանված կարգով քննարկման ներկայացնել իրավական ակտի նախագիծ, որով կբացառվեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի (կատալիզատորի) ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, ինչի արդյունքում էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

Քննարկվել են նաև ջրային և անտառային ոլորտի՝ ընթացքի մեջ գտնվող օրենսդրական բարեփոխումները։

Խորհրդակցության ավարտին նախարարության գլխավոր քարտուղարը ներկայացրել է աշխատակիցների պատվաստումների վիճակագրությունը։

Պատվաստված է նախարարության կենտրոնական ապարատի 93%-ը, Անտառային կոմիտեի 99%-ը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի 99%-ը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի 90%-ը։

Պատվաստումները ընթացքի մեջ են։

  • Կիսվել: