Սևան թափվող կոյուղաջրերը պետք է մաքրվեն, նոր ուղղվեն Սևան, և սա մեր վերջնական թիրախն է. Սիմիդյան
5 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը, որոնք թափվում են Սևան, պետք է կենսաբանական մաքրման ենթարկվեն, նոր թափվեն: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` հիշեցնելով, որ դրանք բավականին ծախսատար սարքեր ու ենթակառուցվածքներ են:
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին Գավառում մեխանիկական կայանի վերականգնման գործընթաց է իրականացվում, սակայն դա ամենաարդյունավետ միջոցը չէ:
«Ամենաարդյունավետ կետը կենսաբանական կայաններ հիմնելն է, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Սիմիդյանը, ապա հավելեց, որ ենթակառուցվածքներ հիմնելու ուղղությամբ աշխատանք է իրականացվում նաև միջազգային գործընկերների հետ:
«Այո՛, Սևան թափվող կոյուղաջրերը պետք է մաքրվեն, նոր ուղղվեն Սևան, և սա մեր վերջնական թիրախն է»,- ասաց նախարարը:
Հակոբ Սիմիդյանը նաև կարծիք հայտնեց, որ գյուղատնտեսական աշխատանքների մասով խնդիրն ավելի բարդ է. «Սևանի վրա վտանգավոր նյութերի հայտնվելը, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանակում, պետք է քաղաքացիներ հետ աշխատանք իրականացվի, որ ուղղությունը փոխեն, գյուղատնտեսական այլ ճյուղերը զարգացնեն, օրինակ՝ անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենալ Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,- ասաց նախարարը:
ՏԿԵՆ-ի հաշվետվության շրջանակում, անդրադառնալով թեմային, նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց՝ ցավոք, խոսքը միայն կայանի մեխանիկական մաքրման մասին է, կենսաբանական մաքրման հնարավորություն դեռ չկա:
Ըստ նախարարի տեղակալի՝ Սևանի մարքրման կայանի մասով, որի կոլեկտորը արդեն իսկ կառուցվում է, քննարկվում է կայանի հավանական վերագործարկման հարցը:
«Պիտի կարողանանք տեխնոլոգիապես և ֆիզիկապես կառավարել մաքրման կայանների կենսաբանական ցիկլերը, և հասկանանք, թե դրանք շահագործման ինչ համակարգի մեջ դրվեն: Ո՞վ պետք է դա շահագործի՝ օպերատո՞րը, համա՞յնքը կամ ո՞վ, որովհետև դրանք բավականին թանկ պրոցեդուրաներ են»,- ասաց Տերտերյանը:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է մաքրման կայաններ կառուցել Մեծամոր և Սևան քաղաքներում: