կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սա չի կարող կրկնվել․ ինչքան քվոտան տրված է, ճշգրիտ այդքանի նկատմամբ վճարում պետք է արվի․ Վարչապետ՝ Սիմիդյանին

Սա չի կարող կրկնվել․ ինչքան քվոտան տրված է, ճշգրիտ այդքանի նկատմամբ վճարում պետք է արվի․ Վարչապետ՝ Սիմիդյանին

2022 թվականին սահմանել ենք Սեւանից ձկնորսության 600 տոննա քվոտա. քվոտան ո՞նց է բաշխվում. Մարդիկ գալիս, դիմում են, մեկ կգ-ի դիմաց 65 դրամով վճարում է արվում պետական բյուջե: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն մեկ կգ-ի դիմաց վճարում են 65 դրամ. հասկանալի է, որ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ բարձր է: 600 տոննա քվոտայի դիմաց մենք իրացրել ենք 566.1 տոննա ձուկ: Այսինքն այդքան թուղթ, մենք բոլորս գիտենք, որ կրկնակի ավել որս է արվում, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում ապահովվեր՝ մենք գոնե սիգի այդ 600 տոննայի վճարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է, բայց ավելի մեծ խնդիր է այն, որ 2023-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել, դարձել է 390 տոննա։

Սա անընդունելի պրակտիկա, էլ չեմ ասում ՝65 դրամ գինը։ Ո՞նց ենք որոշել, որ 65 տդրամ է, ոչ թե 100 դրամ: Չի կարա սենց բան կրկնի, ինչքան քվոտան տրված է ճշգրիտ այդքանի համար պետք է վճարվի, եթե չէ, ուրեմը պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Հասկանալի է առաջադրանքը, պարո՛ն Սիմիդյան»,- հայտարարեց Փաշինյանը։

Նախարար Սիմիդյանն արձագանքեց. «Մենք ինքներս այդ վիճակագրությունն առանձնացրել ենք, քննության առարկա է, թե ինչ է տեղի ունենում, ինչու ձկնորսները սահմանված չափաքանակի համար դիմումներ չեն ներկայացնում: Ենթադրություններ կան, բայց գնահատումը կունենաք»:

Փաշինյանն ընդհատեց. «Ենթադրությունը ո՞րն է, մտնում են, առանց թույլտվության ձկնորսություն են անում, ոչ ոք իրենց չի վերահսկում: Սա ուղիղ փաստ է: Բոլորս գիտենք, որ այնտեղից արվել է 600 տոննան գերազանցող որս»:

Փաշինյանը հստակեցրեց իր խոսքը, որ ինքը չի ասում, որ ձկնորսներն անպայման այդքան ձուկ որսան, բայց եթե քիչ են որսացել, պետք է հիմնավորել, որ ընդամենը 390 տոնն ձուկ է բռնվել, ոչ թե ավելի շատ:

  • Կիսվել: