հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռուսաստանը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

Ռուսաստանը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ

Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր ռազմավարական գործընկերն է, ասել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

«Առաջիկա տարիներին ռուսաստանյան ընկերությունները նախատեսում են ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում, և կարևոր է նշել, որ նրանց զգալի մասը Հայաստանի տնտեսության ամենամեծ հարկատուներն են»,-ասել է Ռեշետնիկովը Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով, ռուսական բիզնեսը կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տրանսպորտի, էներգետիկայի և սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում:

«Հայաստանի համար դրական ազդեցությունը ինտեգրումից (ԵԱՏՄ-խմբ.) ոչ սակագնային խոչընդոտների վերացման արդյունքում, համագործակցության ամրապնդումը եւ աշխատանքի բաշխման համակարգում մեր երկրների մասնակցության արդյունավետության բարձրացումը կազմել են ՀՆԱ-ի ավելի քան 1,5%-ը»,-հավելել է նախարարը:

Անդրադառնալով միջտարածաշրջանային համագործակցությանը` նա նշելմ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա համագործակցության 19 պայմանագիր, ինչը ամուր հիմք է փոխգործակցության կառուցման համար: Ռեշետնիկովն ասաց, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։ «Վերջերս համագործակցություն է հաստատվել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի եւ Հայաստանի Արմավիրի մարզի միջեւ»,-ընդգծեց նա: 

 
ՌԴ տնտեսական զարգացման հարցերով փոխնախարար Դմիտրի Վոլվաչն էլ իր հերթին ասել է, որ 2021 թվականին վատ չի վերականգնվում փոխադարձ ապրանքաշրջանառությունը. 17 տոկոս աճ է գրանցվել:
 
«Դա այն պարագայում, որ ծավալը 4 տոկոսով անկում էր ապրել համավարակի տարում: Մեզ մոտ աճում է ներդրումային համագործակցությունը. ավելի քան 2,2 մլրդ դոլար համատեղ կուտակված ներդրումներ՝ Ռուսաստանից Հայաստան: Մենք գիտենք, որ կան հստակ ծրագրեր ավելի քան մեկ մլրդ դոլարի ծավալով, որոնք առաջիկայում կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ»,- ընդգծել է փոխնախարարը:

  • Կիսվել: