շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուս փորձագետը համոզված է՝ Հայաստանը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումից միայն կշահի

Ռուս փորձագետը համոզված է՝ Հայաստանը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումից միայն կշահի

Ռուս փորձագետը վստահ է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը Հայաստանի համար նոր հեռանկարներ է բացում: Այդ մասին փորձագետ Արտյոմ Պիլինն ասել է «Սպուտնիկ Արմենիայի» սրահում անցկացված տեսակամրջի ընթացքում, գրում է 1lurer.am-ը:

«Ապաշրջափակումը հնարավորություն կտա Հայաստանին Ադրբեջանի տարածքով ցամաքային կապ հաստատել Ռուսաստանի հետ»,- ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի վարիչ, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Արտյոմ Պիլինը:

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է հետաքրքրված լինի իր ապրանքների տեղափոխման համար լրացուցիչ աջակցություն ստանալու հարցում։ Պիլինը նշել է, որ առաքման ներկա պայմանները չեն համապատասխանում արտահանման ավելացած ծավալներին: Փորձագետը, մասնավորապես, առանձնացնում է Ռազմավիրական ճանապարհի թողունակությունը՝ շեշտելով Վրաստանի ծովային նավահանգիստների կարողություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Մասնագետի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրներում տարբեր ֆիսկալ քաղաքականությունը դանդաղեցնում է Միության շրջանակներում գործընթացների իրականացումը: «Վառելիքահումքային շուկաներում գներն անկում են ապրում: Արդյունքում ածխաջրածին արտահանողները՝ Ռուսաստանը և Ղազախստանը, էականորեն արժեզրկում են իրենց ազգային արժույթները, որպեսզի փոխհատուցեն եկամտի կորուստները: Ածխաջրածին ներկրող երկրները, այդ թվում՝ Հայաստանը, սահմանափակված են այդ արժեզրկման ծավալով, քանի որ կախված են ներմուծումից»,- նշել է Պիլինը:

Ըստ փորձագետի՝ երբ ռուսական ռուբլու կամ ղազախական տենգեի արժեզրկումը զգալիորեն գերազանցում է հայկական դրամի արժեզրկումը, դա վատթարացնում է առևտրի պայմանները Հայաստանի համար։ Նրա կարծիքով՝ Հայաստանի կրած կորուստների ծավալը դեռ պետք է գնահատվի: «Հայաստանի տնտեսությունը կարող է հասնել մինչճգնաժամային ծավալներին միայն 2022-ին»,- եզրափակել է Պիլինը:

 

  • Կիսվել: