հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է բնության հատուկ պահպանվող տարածքների ու դենդրոպարկերի ղեկավար կազմի հետ

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է բնության հատուկ պահպանվող տարածքների ու դենդրոպարկերի ղեկավար կազմի հետ

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների ու դենդրոպարկերի ղեկավար կազմի հետ։
 
Խորհրդակցությունը միտված էր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքներին, գույքագրած խնդիրների վերհանմանը և առաջիկա անելիքների քննարկմանը։
 
Նախարարը գործընկերներին ներկայացրել է, որ շուտով ՊՈԱԿ-ը կունենա գիտության գծով նոր փոխտնօրեն, որը պատասխանատու կլինի ՊՈԱԿ-ի ենթակա ստորաբաժանումներում ու դենդրոպարկերում, մասնավորապես, «Ջրվեժ» անտառպարկում գիտական բաղադրիչի լիարժեք իրացման համար։
 
Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ հարկավոր է կարճ ժամանակում վերադառնալ զարգացման տեսլականին հասնելու ռազմավարական քայլերին, որոնք սահմանվել էին դեռ պատերազմից առաջ։
 
Խոսքով հանդես է եկել ոլորտը համակարգող փոխնախարարը, որը ներկայացրել է դենդրոպարկերում գիտական և տուրիստական բաղադրիչների հզորցմանն ուղղված ծրագրերի իրականացման փուլերը և նախատեսվող քայլերը։
 
Զեկույցով հանդես է եկել նաև «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Ա․ Հակոբյանը և ներկայացրել խնդիրները, որոնք հասցրել է գույքագրել իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել դենդրոպարկերի պատշաճ ջրամատակարարման կազմակերպման խնդրին։
 
Քննարկվել է «Ջրվեժ» անտառպարկի տարածքում ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի կառուցման նախագիծը։

  • Կիսվել: