ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռոբոտաշինության տոն Երեւանում. «Ռոստելեկոմ»-Ի աջակցությամբ կայացավ ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Ռոբոտաշինության տոն Երեւանում. «Ռոստելեկոմ»-Ի աջակցությամբ կայացավ ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

2021թ hուլիսի 18-ին տեղի ունեցավ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Օլիմպիադայի ազգային փուլի անկացման կայուն հովանավորն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը:

ՌՀՕ-ի այս տարվա թեման էր՝ «PowerBots – Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրը վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումն էր։

ՌՀՕ 2021 ազգային փուլի հաղթողն է «ՖիզՄաթ»-ի թիմը։ Մրցույթի WeDo տարիքային խմբում հաղթող է ճանաչվել MindCenter We Do 1 թիմը, տարրական տարիքային խմբում՝ YeLo Robotics թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ MindCenter Junior թիմը և ավագ տարիքային խմբում՝ կրկին «Ֆիզմաթ»-ի թիմը։

Օլիմպիադայի հայաստանյան փուլին մասնակցում էր 17 թիմ։ Ազգային փուլի հաղթող թիմերը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակն էր Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու և մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը:

«Ռոստելեկոմ» ընկերությունն իր մեծ ներդրումն ունի երեխաների շրջանում ռոբոտաշինության, ծրագրավորման և նախագծման զարգացման գործում: Ընկերությունն արդեն չորրորդ տարին է աջակցում է մրցաշարի անցկացմանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ երեխաների համար Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ:

Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեցան նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել և կարողացան մասնակցել ազգային փուլին։

««Այբ» կրթական հիմնադրամի հետ  այս տարիների կայուն համագործակցությունը տարեցտարի ավելի արգասաբեր է դառնում, իսկ  առանցքում կրթությունն է և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Այս տարի ՌՀՕ ազգային փուլին մասնակցում են նաև ամիսներ առաջ կայացած «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի մասնակից մարզային թիմերից շատերը, որոնցից 3-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը ի սկզբանե տրամադրել էր Lego-Mindstorms EV3/NXT լեգոհավաքածուներ՝ ռոբոտաշինական հմտությունները զարգացնելու և նոր մակարդակի մրցույթների մասնակցելու նպատակով: Մեր ընկերությունը շարունակում է աջակցել՝ բացահայտելու ու խորացնելու աշակերտների ինժեներական միտքն ու ստեղծագործական կարողությունները»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության կոմերցիոն տնօրեն Միխայիլ Ռազբաևը:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան և «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարևորագույն միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժևորելու գիտությունը և ստեղծելու զարգացման կայուն միջավայր։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է Հայաստանում արդեն վեցերորդ անգամ, և մենք շատ ուրախ ենք, որ այն  ավելի մեծ մասշտաբների է հասել           ՝ նաև ի շնորհիվ մեր գործընկերների։ «Ռոստելեկոմ» Հայաստանն արդեն դարձել է մեր գաղափարական գործընկերը և մեզ հետ միասին առաջ է տանում ռոբոտաշինության շարժումը Հայաստանում։ Մեր երեխաներին այստեղ տեսնելով՝ հատկապես փոքրերին, հավատում ես, որ մեր երկրին հետաքրքիր տեխնոլոգիական ապագա է սպասվում»,-նշեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:

Այս տարի ՌՀՕ-ի հայաստանյան փուլը նոր ձևաչափ ուներ. մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում ցուցադրվեցին հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։

  • Կիսվել: