Ռոբոտաշինության տոն Երևանում․ հեղինակավոր օլիմպիադան և առաջատար ընկերությունների ցուցահանդեսը՝ մեկ վայրում
Հուլիսի 18-ին տեղի կունենա տարվա ռոբոտաշինական ամենակարևոր իրադարձությունը Հայաստանում՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO) ազգային փուլը։ Հայաստանում մրցույթն անցկացվում է արդեն վեցերորդ անգամ՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ, և նպատակ ունի զարգացնելու այս ոլորտը՝ բացահայտելով նոր տաղանդների։
Այս տարի ՌՀՕ-ի հայաստանյան փուլը նոր ձևաչափ ունի. մրցույթին զուգահեռ տեղի կունենա «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում կցուցադրվեն հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։ Օլիմպիադան նաև ընդլայնել է իր գործընկերների շրջանակը. «ՌՀՕ 2021»-ի ազգային փուլի մշտական հովանավորը «Ռոստելեկոմ» Հայաստանն է, գլխավոր գործընկերը՝ SoftConstruct ընկերությունը։
ՌՀՕ-ի հայաստանյան փուլին մասնակցելու հայտ ներկայացրել է 18 թիմ։ Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն կունենան նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել և կարող են մասնակցել ազգային փուլին։ Ազգային փուլի հաղթող թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու և մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը:
Սա հարթակ է, որտեղ նոր սերունդը փորձում է գտնել մարդկությանն ամենահուզող հարցերը և դրանց տալ իրական լուծումներ։ ՌՀՕ-ի այս տարվա թեման է՝ «PowerBots – Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրն է լինելու վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումը։ Տարբեր տարիքային խմբերի թիմերի համար առանձնացված են տարբեր առաջադրանքներ։
- Տարրական դպրոցի տարիքային խմբի աշակերտի պատրաստած ռոբոտը խաղադաշտում օգնում է տունը ժամանակակից դարձնել. ռոբոտը պետք է փոխարինի հին լամպերը նոր՝ էներգախնայող լամպերով և արևային մարտկոցներ տեղադրի տանիքին։ Այս աշխատանքը կօգնի լավագույնս օգտագործելու վերականգնվող էներգիան։
- Կրտսեր տարիքային խմբի աշակերտի ռոբոտը պետք է վերցնի ավտոկանգառի մուտքի մոտ կանգնած մեքենաները և բերի կայանման ճիշտ տարածք։ Այնուհետև պետք է բաշխի լիցքավորման մարտկոցները հիբրիդ և էլեկտրական մեքենաներին։
- Ավագ դպրոցի տարիքային խմբի խաղադաշտում ռոբոտը պետք է տներն ապահովի վերականգնվող էներգիայի աղբյուրներով՝ ըստ յուրաքանչյուր տան կարիքի։
Այս օլիմպիադայով «Այբ»-ը ձգտում է խթանել Հայաստանի Հանրապետության և Արցախի դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման ու ճարտարագիտության դասավանդումը և միջազգային հայտնի ու սիրված մրցույթներում հայ աշակերտների մասնակցությունը: Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան և «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարևորագույն միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժևորելու գիտությունը և ստեղծելու զարգացման կայուն միջավայր։
2004 թ.-ից անցկացվող համաշխարհային այս մրցույթում նախորդ տարի ներգրավվել է 75 000 մասնակից՝ 75-ից ավելի երկրից։ Հայաստանից հինգ տարվա ընթացքում օլիմպիադային արդեն մասնակցել է 160 դպրոցական, հայկական 6 թիմ մասնակցել է նաև միջազգային փուլին։