կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը. փոխնախարար

Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը. փոխնախարար

Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

«Քննարկումները վարվում են մեր գործընկերների հետ եռակողմ ձեւաչափով։ Կան պիլոտային բեռներ, որոնք անցնում են այդ երթուղով։ Բայց որպեսզի ուղղությունը կայուն լինի, պետք է շատ բան անել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը Հայաստանը համարում է ռազմավարական գործընկեր տարածաշրջանում, ինչը դրսեւորվում է շատ ոլորտներում, այդ թվում քաղաքացիական եւ այլ ոլորտներում։

«Պատմականորեն Հայաստանը եւ Հնդկաստանը մոտ են միմյանց, կապված են միմյանց հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստան եկել եւ գալիս են Հնդկաստանից։ Բացի այդ, վերջին երկու տարում Հնդկաստանից շատ աշխատուժ է գալիս մեր երկիր եւ հիմնականում՝ շատ ոլորտներում բավական հաջող աշխատում են»,- ընդգծել է պաշտոնյան։

Տերյանը տեղեկացրել է, որ ներկա պահին քննարկվում են Հայաստանի կամ հայկական ընկերությունների՝ Չաբահար (Իրան- խմբ.) նավահանգստում մասնակցության տարբեր ձեւաչափերին, բայց մանրամասներ չեն նշվում։ 

  • Կիսվել: