ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քննարկվել են տեխնոլոգիական բնագավառում հայ-լեհական համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են տեխնոլոգիական բնագավառում հայ-լեհական համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության պետքարտուղար Գժեգոժ Պիեխովիակի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական բնագավառում, այդ թվում՝ թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում հայ-լեհական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը:

Ողջունելով Լեհաստանի պատվիրակության անդամներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործառույթները:

Ռոբերտ Խաչատրյանը գոհունակությամբ փաստել է, որ նախարարության կողմից կարգավորվող հիմնական ուղղությունները՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում քաղաքականության մշակումը, ստարտափ էկոհամակարգի զարգացումը, թվայնացումը, կիբեռանվտանգությունը, տիեզերական տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը, ներառված են հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրության մեջ:

Նախարար Խաչատրյանը նաև շնորհավորել է հանդիպմանը ներկա Պյոտր Սքվեչինսկիին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը Հայաստանում կամրապնդի Հայաստանի և Լեհաստանի միջև առկա կապերն ու համագործակցությունը:

Լեհաստանի պատվիրակության ղեկավար Գժեգոժ Պիեխովիակն իր խոսքում նշել է, որ տեխնոլոգիական բնագավառում Հայաստանի հետ համագործակցության՝ Լեհաստանի գերակա նպատակներից մեկը փոխգործակցությունն է թվայնացման ոլորտում: Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության պետքարտուղարը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում Լեհաստանի մեծ փորձով:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը հույս են հայտնել, որ քննարկված թեմաները կունենան հետագա զարգացում և դրական արդյունքներ։

  • Կիսվել: