երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հարցեր

Քննարկվել են քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված հարցեր

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես համագործակցում է դաշտում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունների հետ: Բազմաշերտ եւ բազմախնդիր ոլորտում շատ անելիքներ կան: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ունի հասարակական կազմակերպություններին պատվիրակած բազմաթիվ ծրագրեր, որովհետեւ ոչ պետական սեկտորի աջակցությունն ու մասնակցությունը շատ կարեւոր է: Ողջունելով ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի ղեկավար Մագդա Ավետիսյանին եւ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Փիրուզա Մանուկյանին խորհրդարանում` ասել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մարիամ Պողոսյանը եւ Գայանե Եղիազարյանը:

Մագդա Ավետիսյանը ներկայացրել է Քոնթերփարթ Ինթերնեյշնըլ ԳՔՀ ծրագիրը, որն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագիր է եւ իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության զարգացումը` ապահովելով ֆինանսական կայունությունը, կարողությունների հզորացումը, ինչպես նաեւ պետության ու քաղհասարակության միջեւ երկխոսության կայացումը: Ընդգծելով քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին` Մագդա Ավետիսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ խորհրդարանական մյուս հանձնաժողովների ներկայացուցիչների հետ` փորձելով գտնել համագործակցության եզրեր:

Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է ծրագրի գործունեության շարունակականությունն ապահովող քայլերի, տրամադրված դրամաշնորհների իրականացման մասին: Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հասարակական կազմակերպությունների` օրինագծերի մշակման գործընթացին հնարավոր մասնակցության մանրամասները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համայնքահեն կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված ծրագրերին: Ընդգծվել է քաղաքացիական հասարակություն եւ պետություն համագործակցության կարեւորությունը:

  • Կիսվել: