Քննարկվել են դեպի Հայաստան Իրանի արտահանման զարգացման ռազմավարությունները
Հարևան երկրներում Իրանի դեսպանների և գլխավոր հյուպատոսների հետ խորհրդակցությունների շրջանակում, Իրանի արևելյան Ատրպատական նահանգում, կառավարության բարձր ներկայացուցիչ Աբեդին Խոռամին տեսակապի միջոցով Երևանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկրի արտահանման զարգացման և հայկական շուկաներին հասանելիություն ունենալու մեխանիզմները, գրում է parstoday.com-ը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Երևանում Իրանի դեսպանի հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ, Արևելյան Ատրպատականի նահանգապետն անդրադառնալով տարածաշրջանի և հարևան երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու 13-րդ կառավարության քաղաքականություններին, ասել է.«Հարևան երկրներում Իրանի դեսպանները կարևոր դեր ունեն տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների ընդլայնման գործում»։
Ընդգծելով Արևելյան Ատրպատական նահանգի կարևոր դերը Իրանի հյուսիս-արևմտյան հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում՝ նա ասել է.«Այս երկրներն Իրանի հասանելիության դարպասն են դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, և հաշվի առնելով նահանգի արտադրական միավորների հնարավորությունները, մենք կարող ենք այդ երկրների միջոցով արտահանումներ իրականացնել դեպի տարածաշրջանային շուկաներ»։
Հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Արևելյան Ատրպատական նահանգի ներդրումային պոտենցիալին, Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ասել է.«Մենք ջանքեր ենք գործադրում ներկայացնելու այս նահանգի կարողություններն ու պոտենցիալը»։
Շատ բարձր որակելով Թավրիզի և Արևելյան Ատրպատականի տնտեսական, զբոսաշրջության և մշակութային կարողությունները, Աբբաս Բադախշան Զոհուրին հավելել է.«Այս նահանգը կարող է հիմնական դեր ունենալ հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման գործում»: