ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության։

Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ համատեղ աշխատանքը մշտապես առանձնացել է արդյունավետությամբ, գործնական արդյունքներով և կոնկրետ ձեռքբերումներով՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված համագործակցությունը շարունակական բնույթ կկրի նաև ապագայում։

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնավարման ողջ ընթացքում ձևավորված սերտ համագործակցության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել դիվանագիտական առաքելություն իրականացնել Հայաստանում։ Նա անդրադարձել է նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերին և ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղություններում և կարող է կարևոր դեր զբաղեցնել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև B2B ձևաչափով կապերի ակտիվացմանը, ինչպես նաև հայկական և հնդկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությանը Հայաստանում և Հնդկաստանում անցկացվող ոլորտային համաժողովներին և մասնագիտական միջոցառումներին։

Հանդիպման ավարտին Գևորգ Մանթաշյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպան Նիլակշի Սահա Սինհային արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։

  • Կիսվել: