հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Քննարկվել են Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման հարցեր

Քննարկվել են Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման հարցեր

«Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվել է Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ծրագրի խթանմանը նվիրված ֆորում: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Ֆորումի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը Պետական եկամուտների կոմիտեում ընդունել է Արևելյան գործընկերության երկրներից Ուկրաինայի և Մոլդովայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներից Ուզբեկստանի մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալներին, Ղազախստանի և Մոլդովայի մաքսային ծառայությունների այլ պաշտոնատար անձանց: Հանդիպմանը մասնակցել է նաև «Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» ծրագրի ղեկավարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման, կայուն փոխգործակցության ամրապնդման, լավագույն փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծման հետ կապված հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԼՏՕ-ների ծրագրի լիարժեք կիրառման մեխանիզմներին, այդ համատեքստում որպես խթանիչ գործոն և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված արդյունավետ գործիք` գործընկեր պետությունների հետ ԼՏՕ-ների փոխճանաչման անհրաժեշտության վերաբերյալ հարցերին: 

Քննարկվել են նաև ՀՀ-ում մաքսային լաբորատորիաների ներդրման նպատակների, մաքսային վարչարարության բարելավման և ապրանքների արագ ու անվտանգ հոսքերի ապահովման տեսանկյունից դրանց գործարկման առավելությունների, ինչպես նաև գործընկեր պետություններում դրանց գործարկման մեխանիզմների, ձևերի և կիրառվող մոդելների  վերաբերյալ  մի շարք հարցեր։

Փոխադարձ հետաքրքրության թեմաների շրջանակում քննարկվել են նաև սահմանային հսկողության և մաքսային ձևակերպումների գործընթացների բարելավման, այդ համատեքստում` նշված գործընթացների առավելագույնս թվայնացման պահանջների, ժամանակակից թվային գործիքների, էլեկտրոնային և տեղեկատվական արդի հարթակների ու համակարգերի կիրառման միջոցով հսկողական գործառնությունները դյուրացնելու և դրանք հնարավորինս անտեսանելի դարձնելու վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին մասնակիցները գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունավետությունից և պատրաստակամություն հայտնել ապահովելու հետագա ակտիվ համագործակցություն` հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ուղղությամբ։

  • Կիսվել: