Քննարկվել է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանը վերաբերող համաձայնագիրը
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Համաձայնագրի վավերացման նպատակն է երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը դարձնել շարունակական և ամրապնդել բարեկամական հարաբերությունները: Համաձայնագրով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ դեպի Կատարի Պետության մուտքի և այնտեղ աշխատանքային գործունեության իրականացումը՝ համաձայն երկու պետություններում գործող օրենքների, կանոնակարգերի և ընթացակարգերի:
ՀՀ քաղաքացիներին ներկայացվող աշխատանքային առաջարկը նախօրոք պետք է հաստատված լինի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից: Պայմանագրի և առաջարկի տարբերություն բովանդակային տեսանկյունից չպետք է լինի՝ երաշխիքի, աշխատավարձի չափի, աշխատանքի բնույթի մասով:
Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել Կատարի Պետությունում աշխատող քաղաքացիների վիճակագրությանը, այնտեղ աշխատող ՀՀ քաղաքացիների իրավունքների ապահովմանը, Կատարից Հայաստան աշխատանքային միգրացիայի հնարավորությանը և այլն:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ՀՀ քաղաքացի աշխատողների համար տվյալ երկրում ոչ թե ազգային ռեժիմ է սահմանվում, այլ՝ այն ընթացակարգերը, թե ինչպես կարող է ՀՀ քաղաքացին՝ որպես օտարերկրացի, աշխատելու նպատակով մուտք գործել տվյալ երկիր: Համաձայնագրին կից ներկայացված է նաև տիպային պայմանագրի նմուշը, որտեղ երկիր մուտք գործելուց մինչև աշխատանքից արձակման պահն ամրագրված են նրա ֆինանսական երաշխիքները:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: