հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քննարկվել է Գեղարքունիքի մարզում նախատեսվող հողմակայանների կառուցման ծրագրի ընթացքը

Քննարկվել է Գեղարքունիքի մարզում նախատեսվող հողմակայանների կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է «Ակցիոնա» ընկերության Եվրոպայի Ասիայի և Աֆրիկայի բիզնես զարգացման տնօրեն Միգել Արարաս Պանոսիին։
 
Հանդիպման նպատակն էր նախարարին տեղեկացնել, թե ընկերության կողմից Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվող հողմային կայանների կառուցման ներդրումային ծրագիրն ինչ փուլում է, ինչ աշխատանք է կատարվել, և ինչ քայլեր պետք է իրականացվեն ծրագիրը շարունակելու համար։
 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը
 
2017 թ. մարտի 31-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա» ընկերության միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագրի վերաբերյալ:
 
Այդ հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 200 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: Դեռևս 2017 թ․ դեկտեմբերին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքներ իրականացնել:
 
May be an image of 4 մարդ և people sitting-ը
 
Ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 12 համայնք, որից 7-ը, ելնելով իրենց աշխարհագրական դիրքից, ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային և նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են վերջին 4-5 տարվա ընթացքում:
 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 37 տուրբինի տեղադրում՝ 202 մեգավատտ հզորությամբ։ Խոսվում է շուրջ 276 միլիոն դոլար ներդրման մասին:
 
Ըստ Միգել Արարասի՝ ծրագրի իրականացման լավագույն տարբերակը կլինի այն, որ իրենք 2022 թվականին ստանան շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնեն տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկեն դրանք, և սկսվի կայանների շահագործումը: Իսկ հիմնական նպատակին հասնելու համար իրենք արդեն անհրաժեշտություն ունեն հողային իրավունքների ժամանակավոր և մշտական ձեռքբերման, որի կանոնակարգման հարցում ակնկալում են ՀՀ կառավարության, մարզպետարանի և ազդակիր համայնքների աջակցությունը։
 
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Կառավարությունն այս ոլորտի զարգացումը կարևորում է, նախատեսվում է առաջիկա 5 տարում մինչև 500 ՄՎտ հզորությամբ քամու կայաններ ունենալ Հայաստանում։ Ինչ վերաբերում է «Ակցիոնա» ընկերության ծրագրին, ապա հիմնական հարցը վերաբերում է սակագնին, և եթե այդ մասով վերջնական որոշում, համաձայնություն լինի, ապա ծրագրի շուրջ աշխատանքները կարող են շարունակվել և ավարտին հասցվել։

  • Կիսվել: