Քննարկվել է դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո ծավալով
Ազգային ժողովը մայիսի 27-ին քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Փոխնախարարի խոսքով Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10.1 մլն եվրո ծավալով: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո, Եվրոպական միության «Հարեւանության ներդրումային հարթակի» կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երեւանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո:
Ծրագրի իրականացման արդյունքում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես, մանկապարտեզներում եւ պոլիկլինիկաներում կիրականացվեն էներգաարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 6 պոլիկլինիկայի եւ 32 մանկապարտեզի էներգիայի սպառումը մոտ 65 տոկոսով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ դրական էր: Այն ներկայացրել է Դավիթ Կարապետյանը: