ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Քննարկվել է անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

Քննարկվել է անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների` փետրվարի 10-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննության է ենթարկել 2019-2020 թվականներին ՀՀ-ում իրականացված անտառօգտագործման գործընթացը: Նպատակ է դրվել գնահատել գործընթացի արդյունավետությունը, դրա շրջանակում պետական սեփականության՝ ներառյալ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նպատակային ու ծախսային արդյունավետության, ինչպես նաեւ տնտեսման սկզբունքների պահպանման հիման վրա:

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է հիմնել ծառայություն, որը ենթադրում է 24-ժամյա պահպանություն: Նա հավելել է, որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ շուրջ 49 տոկոսով կրճատվել են ապօրինի ծառահատումների դեպքերը:Հաշվեքննիչ պալատի ներկայացրած բոլոր դիտարկումների մասով կան համակարգային լուծումներ, որոշների կարգավորման ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում: Այս մասին նշել է նախարար Հակոբ Սիմիդյանը եւ հավելել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ նշվել է 72 անհամապատասխանություն: Դրանցից 32-ն ընդունվել են, իսկ 40-ի դեպքում կարծիք է փոխանցվել:

Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 անտառտնտեսությունների կառավարման պլանների ժամկետն ավարտվել է՝ հավելելով, որ ոլորտում կառավարման պլաններ չունեն միայն անտառտնտեսությունները:

«Որպես ղեկավար՝ խնդիր եմ ձեւակերպել, որ եթե որեւէ հատվածի կառավարման պլանը մոտենում է ավարտին, մենք պետք է նախորդող փուլում սկսենք աշխատանքները, որ ժամկետի բացթողում չունենանք»,- նշել է նախարարը:

2023 թվականին նախատեսվել է վերջին 4 անտառտնտեսության կառավարման պլանների մշակումը: Ընթացիկ տարում կամփոփվեն Հայաստանի 17 անտառտնտեսությունների կառավարման պլանները:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանը եւ ոլորտին վերաբերող նախագիծը մշակվում է Անտառային կոմիտեում: Հաշվեքննիչ պալատի մեկ այլ դիտարկման մասով նշվել է, որ ՀԾ ձեռնարկություն-Հաշվապահ համակարգը բոլոր անտառտնտեսություններում արդեն ներդրված է:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հետաքրքրվել է անտառների 24-ժամյա վերահսկողության անցնելու մանրամասներով, թե արդյո՞ք դրա արդյունքում հնարավոր կլինի այդ աշխատակիցների աշխատավարձի բարձրացում: Նախարարը տեղեկացրել է, որ աշխատավարձի էական փոփոխություն է լինելու, փոխվելու են նաեւ պաշտոնների անձնագրերը, չափորոշիչները: Նա կարեւորել է որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը:
Հարցադրումներում պատգամավորներն անդրադարձել են ստեղծվող անտառներում նոր ծառատեսակների տնկմանը, անտառկառավարման պլանների կազմման աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կարևորվել է պետական կառույցների համագործակցությունը Հաշվեքննիչ պալատի հետ:

  • Կիսվել: