ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քննարկում Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման մասին

Քննարկում Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման մասին

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկում։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման հեռանկարները, ներկայացվել ոլորտի տեղական և միջազգային փորձագետների կարծիքները, համանման փորձ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերներն և քաղված դասերը, անդրադարձ է կատարվել թափոնների կայուն կառավարման տեղական նախաձեռնություններին։ Ներկայացվել է նաև հանրային կապերի և կրթության դերը թափոնների կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացման և հասարակության շրջանում վարքագծի փոփոխության գործում։

 

Կարևորելով արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման օրենսդրական հենքի մշակման անհրաժեշտությունը` ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է.

«Շրջակա միջավայրի նախարարությունը իրապես կարևորում է ՇՄՆ, ՏԿԵՆ և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև կնքված եռակողմ փոխըմբռնման հուշագիրը և վերջինիս շրջանակներում նախատեսվող փոխշահավետ համագործակցությունը՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի իրագործման արդյունքում»։

Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը քննարկման ընթացքում նշել է.

«Բնական պաշարների կայուն օգտագործումը Շվեդիայի համար առաջնահերթություն է և համապատասխանում է Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Հայաստանի ռազմավարությանը։ Մենք համագործակցում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ այդ ռազմավարությունը կյանքի կոչելու հարցում։ 3,5 միլիոն եվրոյի չափով այս ծրագիրը վերաբերվում է հենց կենցաղային թափոնների տարանջատված հավաքման և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը»։

Անդրադառնալով ԱԸՊ համակարգի ներդրման կարևորությանը՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կոցմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալեպտյանն ընդգծել է.

«Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգն ապահովում է արտադրողների կամ ներմուծողների կողմից շուկա բերված կոնկրետ ապրանքների սպառումից հետո առաջացող թափոնների էկոլոգիապես ապահով կառավարումը։ Կարևոր է նշել, որ խոսքը գնում է ոչ միայն ապակե, թղթե կամ պլաստիկ փաթեթավորման թափոնների մասին, այլև վտանգավոր թափոնների մասին, ինչպիսիք են անվադողերը, մարտկոցները, քիմիկատների տարաները, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների թափոնները և այլն»։

Քննարկվող թեմայի կարևորության մասին խոսել են նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը,, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» և «Հայ-բրիտանական գործարարության պալատ» ՀԿ-ների, «RWA Group»-ի և «Պարպունաս Սըսթեյնըբիլիթի Քընսալթընթս» ընկերության ներկայացուցիչները՝ անդրադառնալով Հայաստանում ԱԸՊ համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող ծրագրերին և այլ երկրներում համանման փորձի մասին։

  • Կիսվել: