Քերոբյանն ու ԱՄՆ ՄԶԳ վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրենը քննարկել են զբոսաշրջությանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 4-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Արշակ Ասլանյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի այլ ներկայացուցիչներ։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի կառավարությանը։ Նա կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցության արդյունավետությունը՝ հատկապես շեշտելով տնտեսության զարգացմանն ուղղված, արդեն իսկ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բիզնես ոլորտին և զբոսաշրջությանը վերաբերող ծրագրեր և ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր։ Ամփոփվել են նաև ընթացիկ տարվա դեկտեմբերին ավարտվող «Իմ Հայաստան» ծրագրի արդյունքները։
Անդրադառնալով ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին` նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ կատարվել է հիանալի աշխատանք, նաև տեղեկացրել, որ չափանիշներն արդեն իսկ ուղարկվել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին` հաստատելու և կիրառության մեջ դնելու նպատակով։ Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ մշակված փորձառությունների շնորհիվ զբոսաշրջության ոլորտը զգալիորեն կբարելավվի և կստեղծվի հնարավորություն՝ հասնելու զբոսաշրջության ոլորտում նպատակներից մեկի իրականացմանը՝ դեպի Հայաստան միջինից բարձր դասի զբոսաշրջիկներ ներգրավելուն։
Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարության ծրագրում զբոսաշրջության զարգացմանը առանձին հատված է նվիրված, և կառավարությունը նախատեսում է մեծ ներդրումներ անել զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման մեջ։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում տարածաշրջանային կապերի ամրապնդման ուղղությամբ։ Նա նշել է Հայաստանի և Վրաստանի ակտիվ համագործակցության մասին և հավելել, որ դիտարկվում է Երևանի ու Թբիլիսիի միջև արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, ինչը կնպաստի երկկողմ զբոսաշրջային հոսքերի կտրուկ ավելացմանը, ինչպես նաև միասնական զբոսաշրջային փաթեթների մշակմանը և առաջխաղացմանը։
Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` առանձնացնելով այդ ուղղությամբ տարածաշրջանային մակարդակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։