ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 11 մլրդ 608,6 մլն դրամ․ Սեյսմիկ պաշտպանության համար նախատեսվել է 752,9 մլն դրամ

Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 11 մլրդ 608,6 մլն դրամ․ Սեյսմիկ պաշտպանության համար նախատեսվել է 752,9 մլն դրամ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հավաստմամբ՝ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 978,5 մլն դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 11 մլրդ 608,6 մլն դրամ: Սեյսմիկ պաշտպանության համար նախատեսվել է 752,9 մլն դրամ: Կարևորվել են սեյսմիկ ռիսկերի գնահատումն ու նվազեցումը:

Անդրանիկ Փիլոյանը տեղեկացրել է, որ նախարարությունը համագործակցում է Քաղաքաշինության կոմիտեի հետ, և առանց թույլտվության հանրապետությունում որևէ շենք չի կառուցվում: Հատուկ ուշադրություն է դարձվում կառուցվող մանկապարտեզների և դպրոցների սեյսմիկ անվտանգության խնդիրներին: Ըստ նախարարի՝ 2022-ին կիրականացվի 6 ծրագիր, 9 միջոցառում:

Ներկայացված ծրագրերն են՝ տեխնիկական անվտանգության կանոնակարգումը, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացումը, սեյսմիկ պաշտպանությունը, փրկարարական ծառայությունները, ռազմավարական նշանակության պաշարների կառավարումը և արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակումը:

  • Կիսվել: