հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փոխվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների կարգն ու ժամկետները

Փոխվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների կարգն ու ժամկետները

Փոխվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների կարգն ու ժամկետները:

Հանձնաժողովից ներկայացնում են իրենց կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները, կարգը և ժամկետները:

Որո՞նք են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները

Հանձնաժողովն իրականացնում է բնույթով տարբեր վարչական վարույթներ, այդուհանդերձ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ իրարից տարբերվող բոլոր վարչական վարույթների իրականացման համար առկա էին միատեսակ կարգավորումներ, այն էլ` ոչ բավարար։ Արդյունքում, թե՛ Հանձնաժողովը, թե՛ վարույթների մասնակիցները բախվում էին բազմաթիվ խնդիրների:

Դա էր պատճառը, որ Օրենքի փոփոխություններով առանձնահատուկ տեղ հատկացվեց Հանձնաժողովի կողմից վարչական վարույթների իրականացման կարգավորումներին։ Այսպես՝  սահմանվեցին Հանձնաժողովի կողմից վարչական վարույթների իրականացման ընդհանուր կարգավորումներ։ Մասնավորապես, կարգավորվեցին

վարչական վարույթի իրականացման կարգը,

ժամկետները,

վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրականացման կարգը,

վարչական վարույթի կասեցման, վերսկսման և կարճման հիմքերը,

վարչական ակտի ընդունման և ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը։

Միաժամանակ, Օրենքով սահմանվեցին առանձին դրույթներ վարչական վարույթների առանձին տեսակների վերաբերյալ:

Ի՞նչ վարչական վարույթներ է իրականացնում Հանձնաժողովը

համակենտրոնացման գնահատման վարույթ.

տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ.

այլ վարույթներ (վարչական բողոքի քննության, պետական օժանդակության թույլատրելիության վերաբերյալ և այլն)։

Ի՞նչ կարգով են իրականացվում վարչական վարույթները

համակենտրոնացման գնահատման վարույթին վերաբերող առանձնահատկությունները կարգավորված են Օրենքի 15-րդ և 16-րդ գլուխներով.

տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթին վերաբերող առանձնահատկությունները կարգավորված են Օրենքի 15-րդ և 17-րդ գլուխներով.

այլ վարույթների (պետական օժանդակության թույլատրելիության վերաբերյալ և այլն) նկատմամբ կիրառելի են Օրենքի 15-րդ գլխի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

Ի՞նչ ժամկետներում է Հանձնաժողովն իրականացնում վարչական վարույթները

Օրենքի փոփոխություններով Հանձնաժողովի կողմից իրականացվող բոլոր վարչական վարույթների համար սահմանվել է եռամսյա ժամկետ, բացառությամբ հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վարույթների, որոնց իրականացման համար նախատեսվել է վեցամսյա ժամկետ։

Միաժամանակ, երբ Հանձնաժողովի կողմից իրականացվող տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը  հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի, բանակցային ուժեղ դիրքի չարաշահում կամ տնտեսական գործունեության արգելված համակարգում է, ապա այդ վարչական վարույթի իրականացման համար նախատեսվում է վեց ամիս ժամկետ։

  • Կիսվել: