երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին․ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին

Փոխվարչապետը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին․ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ողջունելով պետքարտուղարի այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությանն ու շարունակականության անհրաժեշտությանը:

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերի ընթացիկ աշխատանքներն ու այդ ուղղություններով հնարավոր համագործակցությունը:

  • Կիսվել: