երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պղնձի գինը նվազել է, մասնավոր տրասնֆերտները նվազել են, բայց տնտեսությունում ոչ մի պրոբլեմ չկա. Հայկ Գևորգյան

Պղնձի գինը նվազել է, մասնավոր տրասնֆերտները նվազել են, բայց տնտեսությունում ոչ մի պրոբլեմ չկա. Հայկ Գևորգյան

Այսօր Ազգային ժողովում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը հիշել է իր լրագրողական տարիները, երբ առավոտյան աշխատանքի գալիս ստուգում էր պղնձի գինը:

«Եթե իջել էր պղնձի գինը, ուրեմն մեր տնտեսությունում կլինեին պրոբլեմներ, որովհետև մեր տնտեսությունը նստած էր պղնձի խտանյութի արտահանման վրա», - իր ելույթում ասաց Գևորգյանը:

Բացի այդ, ամեն ամիս ստուգել է մասնավոր տրանսֆերտների ցուցանիշը և եթե դրանք նվազած էին լինում, տնտեսությունում սպասում էին խնդիրներ:

«Բայց ի՞նչ է եղել հեղափոխությունից հետո՝ պղնձի գինը նվազել է, մասնավոր տրասնֆերտները նվազել են, բայց տնտեսությունում ոչ մի պրոբլեմ չկա: Այսինքն՝ մենք ունենք տնտեսության դիմադրողականության աճ արտաքին կոնյուկտուրային, որը մեծ ձեռքբերում է», -հայտարարեց Գևորգյանը:

Պատգամավորի խոսքով, Հայաստանում կտրուկ անկում է ապրել հանքարդյունաբերությունը և կտրուկ աճ է արձանագրել մշակող արդյունաբերությունը:

«Որքանով հեղափոխական է այս բյուջեն կամ արդյոք տնտեսական հեղափոխություն եղել է, ճաշակի հարց է: Բայց մենք այս տարի ունեցանք արտաքին պահուստների աննախադեպ աճ, ունեցանք պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության բավականին շոշափելի նվազում, իսկ իրավիճակը ինչպես էր մինչև հեղափոխությունը՝ դրանից առաջ 3 տարիների ընթացքում Հայաստանը ներգրավել է 2.3 մլրդ դոլարի պետական պարտք ու դրանով ապահովել ընդամենը 0.7 տոկոս ՀՆԱ-ի միջին տարեկան աճ: Մի խոսքով չի կարելի չնկատել, որ տնտեսության վիճակը լավ է», -հայտարարեց Գևորգյանը:

  • Կիսվել: