հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետգույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023-ին բյուջետային մուտքերը ավելացել են 72․2 %-ով

Պետգույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023-ին բյուջետային մուտքերը ավելացել են 72․2 %-ով

Մենք ունենք մասնավորեցման շատ երկար պատմություն և այդ մասնավորեցումների ընթացքում ունենք նաև այդպիսի դեպքեր, երբ 25 տարի առաջ մասնավորեցվել է՝ արձանագրվել է այսքան պարտավորություն, ներդրում, աշխատատեղ և այլն, սակայն այդ շենքը շարունակում է այդպես ուղղակի կանգնած մնալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում այդ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այստեղ որևէ անդրադարձ և մեխանիզմ ունե՞նք և ո՞րն է մեր մոտեցումն ընդհանարապես: Մենք աշխատո՞ւմ ենք այս ուղղությամբ»,- հարցրեց նա:

Զեկուցվել է, որ 2023 թվականին 10 հայցադիմում է ներկայացվել դատարան մասնավորի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով: Հայցադիմումը վերաբերվում է պարտավորությունները կատարելուն հարկադրելուն:

Ըստ պատասխանատուների՝ հիմնականում Պետական գույքի կառավարման կոմիտեի օգտին վճիռներ են կայացվել: Եթե պարտավորությունները չեն կատարվել, նոր արդեն երկրորդ փուլով հայցադիմում է ներկայացվում՝ գույքը պետությանը վերադարձնելու պահանջով:

Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ արդեն իսկ պետության վերադարձված 4  դեպք է առկա. 3-ը հողամաս են, մեկը՝ անշարժ գույք:

Այսպիսով, Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության արդյունքում 2023 թ․ բյուջետային մուտքերը կազմել են 15․4 մլրդ դրամ՝ 72․2 %-ով ավելի 2022 թվականից։ Այս ցուցանիշն աննախադեպ բարձր է վերջին տարիներին պետական գույքի կառավարման ոլորտում եղած ցուցանիշներից։ Զեկուցվել է, որ մասնավորեցվող պետական գույքից և հողից ստացվող միջոցների 30 տոկոսը հատկացվում է համայնքին:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է. «Բոլոր դեպքերում, երբ պետական գույքը մասնավորեցնում ենք, համայնքին մասնաբաժին ենք տալիս, և հիմա մասնաբաժինն ավելացրել ենք և պատրաստվում ենք նորի՞ց ավելացնել»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ գույքի վաճառքից 30 տոկոսը հատկացվում է համայնքին և հավելել. «Հիմա նաև առաջարկում ենք պետական հողի վաճառքից էլ գումար տալ: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ համայնքն այդքան շահագրգռված չէ ֆիզիկապես իր տարածքում գտնվող պետական գույքի օտարման հետ կապված: Մենք հիմա այս գումարը հատկացնելով՝ համայնքի մոտ ստեղծում ենք շահագրգռվածություն, որ այդ չօգտագործվող գույքը նաև ինքը հետաքրքրված լինի վաճառել՝ հաշվի առնելով երկու հանգամանք, վաճառքից իր բյուջե ուղիղ 30 տոկոս գումար կմտնի, հետո իր համայնքում տնտեսական էֆեկտ կլինի»,- ասել է նախարարը:

Նշվել է, որ 2023 թվականին պետական գույքի վաճառքից ընդհանուր առմամբ համայնքներին տրամադրվել է 2.3 մլրդ դրամ:

  • Կիսվել: