Պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը շուրջ 181,7 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ պետբյուջեի կատարման հաշվետվությունը՝ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումները, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերը և պակասուրդը:
Նախարարը նախ խոսեց հաշվետվության կառուցվածքի մասին, նշեց՝ այդտեղ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հարկաբյուջետային թիրախների, արտաքին աշխարհի զարգացումների, տնտեսական զարգացումների, պետբյուջեի եկամուտների ծախսերի պակասուրդի և պարտքի մասին:
Նրա խոսքով՝ 2024-ին հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվել է արտաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է եղել 50 տոկոս շեմից, միաժամանակ, Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի 40-50 տոկոս միջակայքում գտնվելու պայմաններում պետական բյուջեի կապիտալ ծախսերը գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը շուրջ 181,7 մլրդ դրամով:
«2024 թվականի հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 տոկոս՝ որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ, ինչը պայմանավորված է եղել տնտեսության կառուցվածքային փոփոխություններով, բնութագրվող տնտեսությունում ներքին սպառմանն ուղղված ներմուծման դերի նվազմամբ և արտահանման դերի աճով»,- ասաց նախարարը:
Կապիտալ ծախսեր-ՀՆԱ ցուցանիշը հասել է ՀՆԱ-ում 5.5 տոկոսի՝ թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային և կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրեր:
Հովհաննիսյանի խոսքով՝ պետական բյուջեի պակասուրդը ձևավորվել է այնպիսի մակարդակում, որը թույլ է տվել Կառավարության պարտքի բեռը պահպանել ապահով մակարդակում, Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ձևավորվել է 50 տոկոսից ցածր մակարդակում՝ կազմելով 48 տոկոս: