ՊԵԿ-ը հիշեցնում է՝ ՌԴ-ում հունիսի 1-ից գործում է պանրի և պաղպաղակի մակնշման պահանջը
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է` 2021թ. հունիսի 1-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում պանրի և պաղպաղակի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ՌԴ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 15-ի № 2099 որոշումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Մինչ ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսվարողները Ռուսաստանի Դաշնության տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշման տեղեկատվությունը փոխանակել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:
Այսպիսով, Ռուսաստանի ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:
Արտադրողների և արտահանողների համար մակնշման կոդերի ձեռքբերման ուղեցույցն՝ այստեղ։