Ոսկետափի երկու դպրոցները կմիաձուլվեն. մինչև 2026-ը միջնակարգ դպրոցի համար նոր շենքի կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում որոշեց «Ոսկետափի ավագ դպրոց» և «ՀՀ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ները միաձուլել որպես «ՀՀ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է երկու դպրոցներում սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների շենքային պայմանները:
Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան հիմնական դպրոցին ամրացված ուսումնական մասնաշենքի հզորությունը նախատեսված է շուրջ 784 տեղ, սովորում է 495 աշակերտ:
Ոսկետափի ավագ դպրոցին ամրացված ուսումնական մասնաշենքի հզորությունը նախատեսված է շուրջ 1000 սովորողի համար, սակայն սովորում է 81աշակերտ։
2024-2025 ուսումնական տարվանից սկսած նախատեսվում է Ոսկետափի միջնակարգ դպրոցում իրականացնել 1-ին աստիճանի (տարրական), 2-րդ աստիճանի (հիմնական) և 3-րդ աստիճանի (միջնակարգ) հանրակրթական հիմնական ծրագրեր։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ոսկետափի ավագ դպրոցի նախագծային հզորությունը ավելի մեծ է, իսկ շենքը գտնվում է ավելի բարեկարգ վիճակում, քան հիմնական դպրոցի շենքը՝ նպատակահարմար կլինի ուսումնական գործընթացն իրականացնել ավագ դպրոցի շենքում՝ մինչև 2026 թվականը Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Ոսկետափի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումը։