շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Որևէ հայկական կոնյակ չի կարող վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնելու. Պապոյան

Որևէ հայկական կոնյակ չի կարող վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնելու. Պապոյան

Մենք որևէ պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Մեզ համար հայկական կոնյակի որակի հետ կապված հարցերը, դրանք պարզապես հարցեր չեն, որոնք պետք է վերաբերեն որևէ երկրի՝ այդ թվում նաև Ռուսաստանում դրանց վաճառվել կամ չվաճառվելուն: Հայկական կոնյակը բրենդ է և մենք հիմա ԵՄ-ի ծրագրերից մեկի շրջանակում աշխատում են ենք հենց այդ բրենդի կայացման համար և սա մեզ համար շատ թանկ է, շատ փոքր մտածողություն կլինի, եթե մենք մեր գործողություններն այդ ծրագրի շրջանակում սահմանափակենք»։

Պապոյանը խոսեց իզոտոպային լաբորատորիա ունենալու մասին. «Իմ կարծիքով մենք թերևս 2025 թվականից պետք է գնանք հետևյալ ճանապարհով, ցավոք սրտի, մինչև այդ մենք Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա, կփորձենք այս ընթացքում այդ կարողությունը ստեղծել, եթե չհաջողվի, ապա կդնենք պարտադիր պահանջ՝ եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի, այսինքն՝ Հայաստանից, եթե օրինակ որևէ կոնյակի սպիրտ կարտահանվի, ապա ինքը կունենա լաբորատոր փորձաքննության փաստաթուղթ, որ օրինակ այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված սպիրտ  է:

Մեր տնտեսական քաղաքականության նպատակն այնպիսինն է, որ մեր ապրանքների և ծառայությունների որակն անընդհատ բարձրանա և լինի պատշաճ մակարդակի վրա, և մենք կարողանանք բոլոր երկրներում վաճառել ապրանքներ և նվազագույնը որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում մենք որպես պատասխան ցույց տանք միջազգային լաբորատորիաներից ստացված փորձաքննության արդյունքները: Ես վստահ եմ, որ երկիրը, որը գնում է որակի ստանդարտների շարունակական բարձրացման ուղղությամբ, պետությունը, որն իր տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին լուրջ մտածում է, պետք է հզոր լաբորատոր կարողություններ կառուցի և այդ նպատակով 2024 թվականի պետական բյուջեով Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինն ավելի քան 1 միլիարդ դրամի լաբորատոր նորագույն սարքավորումներ է ձեռք բերելու, հաջորդ տարիների համար մենք նման ծրագրեր էլի կիրականացնենք»:

Պապոյանի խոսքով հայկական կոնյակի շատ մեծ տոկոսն արտահանվում է ՌԴ. «Այժմ մեր կոնյակն իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնում է ՌԴ-ում, և որևէ հայկական կոնյակ չի կարող վաճառվել ՌԴ-ում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննություն անցնելու»:

  • Կիսվել: