երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոլորտի մարտահրավերներից մինչև արհեստական բանականության կիրառում. Աբու Դաբիում մեկնարկել է Գլոբալ մեդիա կոնգրեսը

Ոլորտի մարտահրավերներից մինչև արհեստական բանականության կիրառում. Աբու Դաբիում մեկնարկել է Գլոբալ մեդիա կոնգրեսը

Մեդիա ոլորտի համաշխարհային խոշոր ընկերությունների, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել է եռօրյա Գլոբալ մեդիա կոնգրեսը (Global Media Congress):

Արդեն երկրորդ տարին անցկացվող կոնգրեսին մասնակցում են նաև «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցները: Գլոբալ մեդիա իրադարձությունն այս տարի անհամեմատ ավելի մեծ թվով միջազգային մասնակիցներ ունի: Կոնգրեսն անցկացվում է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, փոխվարչապետ և Նախագահական դատարանի նախագահ շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո:

Բացման պաշտոնական միջոցառման առանցքում արհեստական բանականությունն էր, դրա կիրառությունը մեդիայում և ապագան: Արաբական Միացյալ Էմիրությունների Հանդուրժողականության և համակեցության նախարար շեյխ Նահյան բեն Մուբարաք Ալ Նահյանը նկատեց՝ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս կոնգրեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել շատ-շատերի շրջանում: «Այս կոնգրեսին ձեր մասնակցությունը հիշեցում է այն մասին, որ մեդիան կարող է խթանել միջազգային համագործակցությունը և նպաստել հետաքրքրություններով, արժեքներով կիսվելուն»,-ասաց նա:

Շեյխ Նահյան բեն Մուբարաք Ալ Նահյանն ընդգծեց, որ մեդիան և տեխնոլոգիաները դարձել են տնտեսական ակտիվության և աճի ապահովման հիմնական ոլորտներից ԱՄԷ-ում: «Նախարարությունը գնահատում է այն ​​փաստը, որ մեդիա մասնագետներն օգնում են մեզ առաջ մղել թիմային աշխատանքի, խաղաղ գոյակցության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման գաղափարները»,-նշեց նա:

 Էմիրությունների լրատվական գործակալության (WAM) գլխավոր տնօրեն և Գլոբալ մեդիա կոնգրեսի բաձրագույն կազմկոմիտեի նախագահ Մոհամմեդ Ջալալ Ալ Ռայսին նշեց. «Գլոբալ մեդիա կոնգրեսը միջազգային հարթակ է, որը հավաքում է տարբեր լրատվամիջոցների, կազմակերպությունների, ընկերությունների՝ աշխարհի տարբեր մայրցամաքներից: Այս տարին առանձնանում է 172 երկրի մասնակցությամբ, որոնցից 31-ն առաջին անգամ են մասնակցում»:

Կոնգրեսի շրջանակում անցկացվում է ցուցահանդես, որին այս տարի ներկայացված է 257 ընկերություն, սա 33 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի ներկայացված ընկերությունների ու ապրանքանիշերի թիվը: Ցուցահանդեսում ներկայացված են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, տեխնոլոգիական ընկերություններ, կրթական և այլ հաստատություններ:

Նոյեմբերի 14-16-ն անցկացվող կոնգրեսի շրջանակում անցկացվում է նաև մասնագիտական համաժողով: Համաժողովին ելույթ կունենան 77 բանախոսներ, որոնք ներկայացնում են 18 երկրի մեդիա ոլորտի խոշոր դերակատարներին:

«Կերտելով մեդիայի ապագան» խորագիրը կրող համաժողովի շրջանակում կանցկացվեն նորարարության, մեդիա ոլորտում առաջադեմ տեխնոլոգիաների, սպորտային լրատվամիջոցների, մեդիա ոլորտի ապագայի բարելավման գործում վերապատրաստումների դերի և այլ թեմաներով քննարկումներ: Եռօրյա կոնգրեսի շրջանակում կանցկացվեն 5 տարբեր միջոցառումներ, որոնցից որոշներն առաջին անգամ են անցկացվում: Դրանցից մեկը վերաբերելու է նորարարությունների, ստարտափերի ոլորտին, կներկայացվեն ավելի քան 24 ստարտափեր: Այս հարթակն ընկերություններին հնարավորություն կտա ոլորտում նոր տեխնոլոգիաներն ու գաղափարները ներկայացնել համապատասխան կառույցների և որոշումներ կայացնողների լայն շրջանակի:

Երկրորդ հարթակը կկենտրոնանա վերապատրաստման և կրթության վրա, կանցկացվեն ավելի քան 30 վերապատրաստման սեմինարներ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների համար: Այս հարթակը նպատակ ունի զարգացնել մասնակիցների հմտությունները սպորտային հեռարձակումների, արհեստական բանականության և այլ ոլորտում:

Երրորդ միջոցառումը (Future of Media Labs խորագրով հարթակ) կգրավի ոլորտի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին և ձեռնարկատերերին՝ ամբողջ աշխարհից: Այս հարթակում մասնակիցները մտքեր կփոխանակեն մեդիա ոլորտի առաջմղման համար:

Չորրորդ հարթակը հատկապես ինֆլուենսերների, օնլայն դաշտում բովանդակություն ստեղծողների համար է՝ իրենց փորձով,  տեսակետներով կիսվելու, համագործակցելու համար: Հինգերորդ հարթակի շրջանակում կանցկացվեն չորս նիստեր և կլոր սեղան-քննարկումներ՝ 32 փորձագետների և բանախոսների մասնակցությամբ՝ ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով:

Գլոբալ մեդիա կոնգրեսի կազմակերպիչները Աբու Դաբիի ազգային ցուցադրությունների ընկերությունն (ADNEC) ու Էմիրությունների լրատվական գործակալությունն (WAM) են։

  • Կիսվել: