շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. Էրիկ Գրիգորյան

Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել. Էրիկ Գրիգորյան

«Ողջի գետի աղտոտման փաստով վարույթ է հարուցվել»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ողջի գետն աղտոտվել է Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի պատճառով:

Ըստ նախարարի՝ տեսչական մարմինը ստուգումներ է նախաձեռնել, որոնց ընթացքում համապատասխան նմուշներ են վերցրել, որոնք վկայում են գետի ջրերում մի շարք ծանր մետաղների թույլատրելի խտության բարձրացման մասին:

Է. Գրիգորյանը հիշեցրեց, որ նույն վայրում նման վթար եղել էր նաև 2010 թվականին: Նա նշեց, որ այսպիսի դեպքերում համապատասխան օրենսդրական կարգավորումներով կամ վարչական պատասխանատվություն է սահմանվում, կամ՝ քրեական:

Նախարարը հիշեցրեց, որ 2010-ի համանման դեպքի ժամանակ համապատասխան ընկերությունը փոխհատուցել էր վնասն ու տուգանք վճարել 700-900 հազար դրամի չափով:

«Կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակում փոխհատուցման չափը չի արտացոլում հասցված վնասի իրական ծավալը»,-ասաց Գրիգորյանը և ընդգծեց, որ իրենք այժմ աշխատում են պատժամիջոցների խստացման եւ տուգանքների չափի մեծացման ուղղությամբ: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կոմբինատի թափոնները լցվել էին Ողջի, ինչի հետեւանքով գետն աղտոտվել էր, ու ջուրը դարչնագույն էր դարձել:

  • Կիսվել: