հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նոր ստեղծված ընկերություններն ավելի շատ են, քան ոլորտից դուրս եկածները. Ռոբերտ Խաչատրյան

Նոր ստեղծված ընկերություններն ավելի շատ են, քան ոլորտից դուրս եկածները. Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վստահեցնում է` տեխնոլոգիական ոլորտում նոր ստեղծված ընկերություններն ավելի շատ են, քան դուրս եկածները։ Խաչատրյանն այս մասին հայտնեց «Yerevan tech forum-2023»–ից հետո լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով հարցին, թե ինչ վիճակում են տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում։

Նշենք, որ վերջին շրջանում ոլորտում խնդիրներ էին առաջացել՝ կապված դոլարի փոխարժեքի կտրուկ անկման հետ։ Այդ պատճառով շատ ստարտափներ ուղղակի փակվեցին, մի մասն էլ կրճատումների դիմեցին։ Մինչ օրս պաշտոնական տվյալներ չեն եղել, թե քանիսն են այդ կազմակերպությունները, որոնք խնդիրների առաջ էին կանգնել։

Խաչատրյանը շեշտեց, որ այսօր այլևս չկա նման պատկեր, ինչ մի քանի ամիս առաջ էր։

«Մենք չենք հերքում, որ ոլորտում գլոբալ դժվարություններ կան, բայց զարգացում տեղի է ունենում։ Նախարարությունը որոշակի միջոցառումներ է անցկացնում, և նպատակն այն է, որ ընկերություններն ավելի պատրաստված լինեն գլոբալ մարտահրավերներին, քանի որ դրանք Հայաստանը չեն շրջանցում։ Կարող եմ վստահեցնել` աննախադեպ աճ է գրանցվել նախորդ տարիների համեմատ։ 2022 թվականին 2021-ի համեմատ գրեթե 50 տոկոսի աճ է գրանցվել»,– նշեց ԲՏԱ նախարարը։

Նա ընդգծեց, որ նախարարությունն այսօր քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի դրանք մուտք գործեն Հայաստան։ Գերատեսչության ծրագրերը նաև ուղղված են տեղական ընկերություններին օգնելուն։

  • Կիսվել: