Նոր Խարբերդում, Կորեայի ձորում և Ծարավ Աղբյուրի փողոցում ամբողջությամբ նոր 3 մանկապարտեզ կկառուցվի
Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի ընթացքում էներգաարդյունավետության ծրագրով իրականացնելու է 36 մանկապարտեզի վերազինման աշխատանքներ, 7 մանկապարտեզ վերակառուցվելու է, արդունքում հավելյալ խմբեր են ավելանալու վերոնշյալ մանկապարտեզներում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Այս պահին ունենք արդեն 7 մանկապարտեզներ, որոնք շինարարության փուլում են: Եվս 3 ամբողջությամբ նոր մանկապարտեզ ենք կառուցելու. մեկը գտնվում է Նոր Խարբերդում, մյուսը՝ Կորեայի ձորում, երրորդը՝ Ծարավ Աղբյուրի փողոցում»,- ասաց նա:
Ըստ Կոստանյանի՝ Արաբկիր վարչական շրջանում կա 1 մանկապարտեզ, որն անմխիթար վիճակում է: Այն ամբողջությամբ քանդվելու և վերակառուցվելու է:
«Եվս 2 նոր մանկապարտեզների հիմնանորոգման մրցույթ առաջիկայում կհայտարարենք»,- ասաց նա՝ նշելով, որ այս աշխատանքների արդյունքում մանկապարտեզներում հերթերի քանակը կմեղմվի: