ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Նոր էկոպարկ ու 10 հա անտառվերականգնում, ոռոգման ցանցի անցկացում. Երևանի կանաչ ծրագրերը

Նոր էկոպարկ ու 10 հա անտառվերականգնում, ոռոգման ցանցի անցկացում. Երևանի կանաչ ծրագրերը

Երևանի բնապահպանական միջավայրի բարելավում, կանաչ զանգվածի ավելացում՝ նոր ու արդյունավետ լուծումներով: Սա քաղաքային իշխանության գլխավոր ու կարևորագույն խնդիրներից մեկն է՝ հայտնում են քաղաքապետարանից:

«Կանաչապատումն սկսվում է ոռոգման համակարգով, որը մեծ խնդիր է քաղաքում: Քաղաքապետարանը, իհարկե, փոխում է հին խողովակաշարերը, բացի այդ ՀՈԱԿ-ն իր հերթին այս տարի շուրջ 20 կմ ոռոգման ցանց է անցկացրել քաղաքում»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Ոռոգման նոր համակարգ է անցկացվել քաղաքի այգի-պուրակներում, մայթեզրային հատվածներում, որոշ տեղերում էլ՝ ընդլայնվել: Ոռոգման նոր համակարգ կունենա նաև քաղաքային տնկարանը: Այստեղ է աճեցվում մայրաքաղաքի կանաչապատման համար նախատեսված բույսերի մեծ մասը: Մինչդեռ ոռոգումը դռևս ձեռքով է արվում:

«Ջերմոցային տնտեսությունը չունի ավտոմատացված ոռոգման համակարգ: Հիմա մենք աշխատանքներ ենք սկսում ավտոմատացված անձրևացնող ոռոգման համակարգ ստեղծելու համար, որը շատ կարևոր է բույսերի աճեցնելիս, և երկրորդ, որը ևս կարևոր է, մենք աշխատուժ ենք խնայում այստեղ»,- ասում է Բեգոյանը:

Երևանի ջերմոցային տնտեսությունում նախապատրաստվում են երկու խոշոր նախագծի: Մեկը կլինի հենց այստեղ: Տնկարանի հարևանությամբ համայնքը մտադիր է հիմնել նոր էկոպարկ՝ խորհրդային շրջանից հետո երկրում առաջինը: 8 հա-ից 3-ն արդեն մաքրվել ու նախապատրաստվել է:

«Տարածքից դուրս է բերվել մոտ 40 բեռնատար մեքենա աղբ: Նախկինում թեղուտի վերաճ էր այստեղ և քաղաքից բերված էտի կույտեր»,- ասում է Մամիկոն Սահակյանը:

Երևանյան, այսպես ասած, բուսաբանական կենտրոնը կլինի ուսումնական յուրօրինակ կենտրոն. այստեղ կաճեցվեն թանկարժեք ու բացառիկ բուսատեսակներ, որոնք հետագայում կբազմացվեն տնկարանում և կտեղափոխվեն Երևանի կանաչ տարածքներ, նաև կվերածվի զբոսաշրջային նոր անկյան:

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ միջոցառումներ է ձեռնարկում՝ վերականգնելու քաղաքի երբեմնի անտառային գոտիները՝ մոտ 10 հա մակերեսով: Բազմիցս քնարկված նախագիծը կիրականացվի կանաչապատման քաղաքային կազմակերպության ուժերով: Ծառատունկը կլինի արդեն այս աշնանը:

«Նախատեսում ենք 10 հա տարածքում հիմնել անտառ-տնկարկ, որը նորագույն պատմության մեջ կլինի առաջին դեպքը: Մոտ 6.5 հա՝ Ծիծեռնակաբերդում և 4 հա ՝ Սարալանջում: Առաջին անգամ գրեթե ամբողջ տնկանյութը՝ 97%-ը, տրամադրելու է ջերմոցատնկարանային տնտեսությունը: Նախկինում պատրաստի բուսազանգվածը բերվել է այստեղ՝ որպես պահեստավորման վայր, հետո այստեղից բաժանվել է քաղաքին: Այդ աշխատաոճին վերջ է դրվել: 10 հա անտառ հիմնելու համար քաղաքը գրեթե ոչինչ չի ծախսի»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը կփոխարինի նաև քաղաքի չորացած ծառերը՝ նոր, արժեքավոր ու Երևանի կլիմային հարմար նոր ծառատեսակներով:

Ծառերից բացի քաղաքային ջերմատունը կապահովի նաև քաղաքին անհրաժեշտ ծաղիկների կեսից ավելին: Հաջորդ տարի քաղաքին տեսք կհաղորդեն ավելի քան 1 մլն ծաղիկները: Երևանում կանաչապատման նոր եղանակի հիմք է դրվում:

«Արդեն ունենք մոտ 175 հազար բույս, ընդ որում, 45.000-ն արդեն տեղափոխվել է քաղաքի տարբեր հատվածներ: Բույսը երեխայի պես է. ամեն անգամ աճով ուրախացնում է, ինչքան մեծանում, այնքան թանկանում է մարդու համար»,- նշում է ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչության պետ Մամիկոն Սահակյանը:

Տնկարանից քաղաք բույսերի տեղափոխում, ոռոգում, էտ. կանաչապատումն ավելի արդյունավետ կդառնա նոր տեխնիկայի ներդրման շնորհիվ: Նշենք, որ շահագործվող 50 միավորին շաբաթներ անց կավելանան ևս 9 նոր՝ 7 բեռնատար ու 2 ջրցան:

Միանգամից մի քանի ուղղությամբ ծրագրային նախաձեռնությունների վերջնանպատակը կանաչ ու հարմարավետ միջավայրի ձևավորումն է՝ բակերում, այգիներում, մայթերին և կանաչ մյուս գոտիներում:

  • Կիսվել: