հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Նոր դրամաշնորհային ծրագիր. Հայաստանը պարտավորվել է մինչ 2030-ը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները

Նոր դրամաշնորհային ծրագիր. Հայաստանը պարտավորվել է մինչ 2030-ը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:

Այս դրամաշնորհային համաձայնագիրը թիրախավորում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազ¬մազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնմանև համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։

Համաձայնագրով նախատեսված միջոցառումները բխում են Կառավարության ծրագրի մի շարք առաջնահերթություններից, ինչպիսիք են՝

անտառների կայուն կառավարումը,

կենսաբազմազանության պահպանությունը,

բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը,

ընդերքօգտագործման արդյունքում խախտված տարածքների ռեկուլտիվացիայի իրականացումը,

ազգային օրենսդրության մոտարկումը ԵՄ շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությանը` համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:

2021-2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչ 2030 թվականը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Համաձայնագրով նախատեսվող ջրաճահճային տարածքների վերականգնումը կօգնի հասնել սահմանված առաջնահերթություններին՝ հաշվի առնելով նմանատիպ էկոհամակարգերում ածխածնի կլանման զգալի կարողությունները։

  • Կիսվել: