Նիկոտին չպարունակող էլեկտրոնային ծխախոտների ոլորտը կանոնակարգվում է. դրանք ռիսկային են առողջության համար
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ տեխնիկական կանոնակարգում նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներառման, համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված հստակեցման և արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը լրացնելու մասով։
Ներկայումս կանոնակարգվում են ծխախոտահումք չպարունակող, սակայն նիկոտին պարունակող լցանյութի գոլորշացմամբ և էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները, ուստի կարգավորումից դուրս են մնացել շուկան հեղեղած (մարդու առողջության համար ռիսկային) նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները:
Այդ փոխարինիչները նախատեսված են նաև ԵԱՏՄ շրջանակներում այդ արտադրանքի համար մշակվող տեխնիկական կանոնակարգի մեջ և ներկայումս դրանց նկատմամբ վերահսկողության բացակայությունը մեծ վտանգ կարող է ներկայացնել մարդու առողջության համար։
Բացի վերոգրյալից, հստակեցվել է նաև համապատասխանության գնահատման գործընթացի վերաբերյալ դրույթը՝ պայմանավորված որոշ մեթոդիկայի բացակայությամբ, ինչպես նաև լրացվել է արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը։