«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում ուղիղ դրամաշնորհ կհատկացվի ընտրված 6 թիմերին
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիտում որոշեց «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում ուղիղ դրամաշնորհ հատկացնել առանձնացված 6 թիմերին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ներուժ 4.0» ծրագիրն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից գլխավորը՝ մասնակիցների Սփյուռքից լինելու հանգամանքն է, ինչն էլ որոշակի խնդիրներ է ստեղծում դրամաշնորհների հատկացման կարգով ծրագրին դիմելու համար:
Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է արտերկրյա ստարտափ մշակույթի և փորձի հայաստանյան տնտեսական միջավայր ներմուծելու անհրաժեշտությունը:
2023 թվականի օգոստոսի 23-28-ը տեղի ունեցած աքսելերացիոն ծրագրի շրջանակում «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել 3-ական թիմեր, և, որոշում է կայացվել տրամադրել պետական աջակցություն:
Քանի որ ըստ Ծրագրի վերոնշյալ թիմերը միայն ՀՀ պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ գրանցվելուց հետո կկարողանային դիմել դրամաշնորհային մրցույթի, աքսելերացիոն ծրագրի շահառուների սփյուռքից ժամանած լինելու և ՀՀ ոլորտային օրենսդրությանն ու ընթացակարգերին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված,պետական գրանցման գործընթացը տևեց նախատեսվածից ավելի երկար, որի հետևանքով դրամաշնորհային մրցույթը հայտարարվեց նախատեսված ժամկետներից ավելի ուշ:
Այս պահին լավագույն վեցնյակ առանձնացված ստարտափներին աջակցության տրամադրման գործընթացը հայտնվել է փակուղում, քանի որ դրամաշնորհային մրցույթի շրջանակում հայտերի ընդունման ժամկետը լրանալուց հետո պարզ դարձավ, որ հանձնաժողովի կողմից նախօրոք առանձնացված կազմակերպությունների մի մասը չի կարողացել դիմել մրցույթին՝ տեխնիկական խնդիրների պատճառով, որոնցից թերևս ամենահաճախ առաջացած խնդիրներից էր ARMEPS էլեկտրոնային համակարգի միջոցով հայտ ներկայացնելու համար ոչ բավարար հմտություններ ունենալու հանգամանքը:
Հաշվի առնելով վերոնշյալը, սույն որոշման նախագծով առաջարկվում է հանձնաժողովի կողմից առանձնացված 6 թիմերին, որոնք արդեն հանդիսանում են ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ,տրամադրել ուղիղ դրամաշնորհ:
Նշենք, որ նշված 6 ընկերությունները պարտավորվում են հայրենադարձվել և բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Ընտրված ստարտափները առանձնանում են նորարարական և տեխնոլոգիական լուծումներով: