ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը

Ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը:

Այսպես, ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:

Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով լրացվելու է հարկային մարմնի տրամադրության տակ առկա հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Հայտարարագրման համակարգն առաջարկվում է ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին:

2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով:

Անչափասները չեն ներկայացնի հայտարարագիր, ինչպես նաև առաջին հինգ տարվա ընթացքում հայտարարագրումից կազատվեն արտերկրից ստացվող եկամուտները:

Դրույթներից մեկով եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, որևէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող ֆիզիկական անձի համար՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով,

ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների համար, որոնք որևէ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են դրան նախորդող տարվա արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ առևտրային կազմակերպության բաժնետեր՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:

  • Կիսվել: