շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ներդրումները ցածր են, արդյունքները մեզ չեն բավարարում. էկոնոմիկայի նախարար

Ներդրումները ցածր են, արդյունքները մեզ չեն բավարարում. էկոնոմիկայի նախարար

Հոկտեմբերի 10-ի դրությամբ մոտ 160 հազար տոննա խաղող է մթերվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Հիփոթեքային վարկի տնտեսական բաղադրիչի մասին խոսելով` նախարարը նշեց, որ այն ժամանակ եկամտային հարկի վերադարձի դրույթը մտցնելիս առաջնային չի եղել սոցիալական բաղադրիչը, այլ այն, որ տնտեսությունը խթանվի:

«Դա արվել է անկման փուլում և շինարարությունում անկման ավելի մեջ ցուցանանիշներ էին արձանագրվել: Համապատասխանաբար, այդ կարգավորումը ուներ ոլորտային խրախուսման նպատակ: Այ եթե մի քանի տարի աճը լինի 10 և ավելի տոկոս, և համարենք, որ եթե շինարարության ոլորտում մի քիչ նվազի առաջնային կառուցապատման նկատմամբ պահանջարկը, դա շատ բան չի փոխի, կարող ենք քննարկել նաև այդ գործիքի սահմանափակումների հարցը»,-ասաց նախարարը:

Նշենք, որ օրերս ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ եկամտային հարկի վերադարձի գործիքը պետք է վերանայել, սահմանափակումներ մտցնել, այն դարձնել իսկապես սոցիալական ուղղվածություն ունեցող գործիք:

Ինչ վերաբերում է ներդրումներին, էկոնոմիկայի նախարարը համաձայնեց` ներդրումները ցածր են, արդյունքները չեն բավարարում. «Մեր բոլոր քայլերը նպատակ ունեն բարձրացնել բիզնես անելու գրավչությունը և որպես հետևանք ունենալ ավելի բարձր ներդրումներ, քան ունեցել ենք նախորդ տարիներին: Մենք նաև չենք համարում, որ 7 տոկոս տնտեսական աճը այն աճն է, որ ՀՀ տնտեսությանը կարող է բնորոշ լինել: Մենք առնվազն ՀՆԱ 23-25 տոկոսի ներդրումներ պետք է ունենանք, որ երաշխավորենք 8 տոկոսից բարձր տնտեսական աճ: Իսկ 8-10 տոկոս աճ ապահովելու համար ներդրումները պետք է կազմեն ՀՆԱ 28-30 տոկոսը»:

  • Կիսվել: