չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախորդ տարվա համեմատ ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով

Նախորդ տարվա համեմատ ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով

Հայաստանի բանկերում 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով:Այս մասին մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«2021 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդները նվազել են շուրջ 7 մլրդ դրամով կամ 0,2 տոկոսով: 2020 թվականի մարտի 31-ի համեմատ դրանք ավելացել են շուրջ 173 մլրդ դրամով կամ 4,9 տոկոսով: 2020թ. տարեսկզբին` հունվար, փետրվար, մարտ ամիսներին, մենք տեսնում ենք, որ ավանդների ծավալը շարունակում էր աճել, այնուհետև, երբ սկսվեց համավարակը, որոշակի նվազում նկատվեց։ Մայիսին, երբ որոշակիություն մտավ, ավելի հասկանալի դարձավ, թե պանդեմիան ինչպես է հաղթահարվելու, ավանդների ծավալը սկսեց ավելանալ, և գերազանցեց անգամ տարեսկզբին բանկերում եղած ավանդների ծավալը։ Առավելագույն ծավալը գրանցվել է օգստոսին, իսկ պատերազմը սկսվելուց հետո` սեպտեմբեր–նոյեմբերին, ոչ մեծ տոկոսով նվազում է գրանցվել, և տարեվերջին` պատերազմից հետո, նորից այդ ավանդները վերադարձել են բանկեր»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նվազման ծավալում մեծ է հատկապես օտարերկրյա քաղաքացիների ավանդների չափը։

«Ռեզիդենտների մոտ առաջին եռամսյակում ավանդների ծավալն ավելացել է 119 մլրդ դրամով կամ 4,4 տոկոսով, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 253 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով: Ոչ ռեզիդենտների դեպքում պատկերը մի փոքր այլ է՝ 2021 թվականի առաջին եռամսյակում նրանց ավանդները նվազել են շուրջ 126 մլրդ դրամով, իսկ 2020 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 81 մլրդ դրամով»,- նշեց Սարգսյանը:

Նա նկատեց, որ այս միտումը ոչ միայն Հայաստանում է նկատվել, այլև ամբողջ աշխարհում, ինչը նույնպես կորոնավիրուսի համաշխարհային համավարակի հետևանք է։

  • Կիսվել: