շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Կիրականացվի պետական հատուկ նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում

Կիրականացվի պետական հատուկ նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում

Հեղեղումների առաջացման պատճառները տարբեր են՝ գետերի վարարում, առատ տեղումներ, ձնհալ, ամբարտակի փլուզում։

 

2022 թ. մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում: Ամենազանգվածայինն այս տարի Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումներն էին, որոնց հետևանքով նաև ունեցանք 4 զոհ։
Ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման նպատակով նախատեսվում է իրականացնել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սելավատարերի անձնագրավորում, սելավային վտանգի ինդեքսի մշակում և սելավային ռիսկերի մոդելավորում` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

 

«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում՝ ըստ փորձագիտական եզրակացության: Ընթացքի մեջ է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների և կորուստների գնահատման երկրորդ փուլը, որն իրականացվում է միջազգայնորեն ընդունված Հետաղետային կարիքների գնահատում մեթոդաբանության (PDNA) հիմքով: Գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Վնասների և կորուստների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման գործընթացը, որի շրջանակներում կմշակվի միջոցառումների ծրագիր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ պատասխանատու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը հետաղետային վերականգնմանը»,-ներկայացնում է ՆԳՆ ՌՊՔՄՍՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը մշտապես իրականացնում է բնակչության հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, նաև ազդարարում և իրազեկում։

«Իրազեկման միջոցառումներն իրականացվում են եռափուլ տարբերակով՝ աղետից առաջ, ընթացքում և հետո: Աղետից առաջ իրականացվող գործողությունները հիմնականում կրում են նախապատրաստական բնույթ՝ վերաբերում են իրազեկման և նախազգուշացման եղանակների որոշմանը, ուղղված են բնակչության պատրաստվածության բարձրացմանը:

Աղետի ժամանակ տրվող տեղեկատվությունը ներառում է հետևանքների և ստեղծված իրադրության մասին տեղեկատվություն, տվյալների հավաքում, մշակում և անհրաժեշտ գործողությունների մասին մարդկանց իրազեկելու հաղորդագրությունների տարածում, նախազգուշացումների տարածում: Եվ աղետից հետո օգնության ցուցաբերման, հետևանքների վերացման և վերականգնման աշխատքների վերաբերյալ տեղեկույթի տրամադրում»,-ասում է ՓԾ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը:

  • Կիսվել: