Նախատեսված 23 միջազգային ցուցահանդեսի փոխարեն Հայաստանը կմասնակցի 7-ին
ՀՀ կառավարություն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ կրճատվել է միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցության քանակը։
Նախատեսված 23 միջազգային ցուցահանդեսի փոխարեն Հայաստանն այս տարի կմասնակցի միայն 7-ին։
Նախագծից պարզ է դառնում, որ ցուցահանդեսներին մասնակցության համար նախատեսված գումարը, ըստ ճշգրտված հաշվարկների, կազմում է 39 285 700 դրամ։ Բայց այս գումարով, ըստ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների, հնարավոր է միայն 7 ցուցահանդեսի մասնակցել։ Արդյունքում որոշվել է հրաժարվել 16 ցուցահանդեսներին մասնակցելու պլաններից։
Կրճատված գումարի հաշվին նախարարությունը որոշել է իրականացնել «Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպման և իրականացման» միջոցառում, որի համար 2023 թվականի պետական բյուջեում գումար նախատեսված չի եղել։
Բացի այդ, էկոնոմիկայի նախարարությունը որոշել է այս տարի վերանորոգել շենքի սանհանգույցները։
Նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նվում է, որ հիմնանորոգման աշխատանքների կատարման համար 2022թ տարեվերջին պայմանագիր էր կնքվել «Խաչ Արմ» ՍՊԸ-ի հետ։ Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեին 2 փուլով՝ 1-ին փուլի վերջնաժամկետը սահմանվել էր 2022թ. դեկտեմբերի 25-ը, 2-րդ փուլինը՝ 2023թ. փետրվարի 16-ը:
Բայց շինարարական ընկերությունը չի կարողացել նշված ժամկետում ավարտել աշխատանքը, քանի որ քանդման աշխատանքների աղմուկը խանգարել է նախարարության աշխատանքին և յն պարբերաբար հետաձգվել է։ Ի վերջո, մարտի 24-ին պայմանագիրը միակողմանի լուծվել է:
«Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բնականոն գործունեության ապահովման նպատակով՝ հրատապ անհրաժեշտ է իրականացնել նոր շինարարական կազմակերպության հետ աշխատանքների իրականացման գործընթաց, ինչի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է իրականացնել համապատասխան վերաբաշխում»,– ասված է կառավարության նիստում հաստատված նախագծի հմանավորման մեջ։