երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախարար. Ռուսական կողմը կասկածներ ունի կապույտ պանիր արտադրող երկրի վերաբերյալ

Նախարար. Ռուսական կողմը կասկածներ ունի կապույտ պանիր արտադրող երկրի վերաբերյալ

Ռուսական կողմի մոտ կասկածներ են առաջացել կապույտ պանիր արտադրող երկրի վերաբերյալ, ինչի հետևանքով ռուսական շուկա չեն թողել կապույտն պանրի 21 տոննա, որը պատրաստել էր հայկական «Սպայկա» ընկերությունը՝ իր սեփական արտադրամասում: Այս մասին այսօր  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ երկրի կառավարությունն աշխատում է արտադրողների և արտահանողների հետ ամենօրյա ռեժիմով: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, ՊԵԿ-ի հետ համատեղ, ամենօրյա կտրվածքով օպերատիվ աշխատանք է տարվում ռուս գործընկերների հետ՝ Վերին Լարսում: Այդ աշխատանքների ընթացքում լուծվել են հայ արտահանողների բազմաթիվ խնդիրներ, այդ թվում և՝ «Սպայկայինը»:

Մասնավորապես՝ ավելի վաղ ռուսական շուկա է թողնվել 15 տոննա հայկական պանիր, որը փաստացի չի անցել փորձաքննության գործընթացը: Այս անգամ որոշում է կայացվել մանրակրկիտ փորձաքննություն անցկացնել, որի արդյունքում պարզվել է, որ հայկական կապույտն պանիրը ՌԴ է ուղարկվել առանց փաստաթղթերի, որոնք վկայում են արտադրող երկրի մասին:

Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ում գործում է պատժամիջոցների ռեժիմ այն արտադրանքի նկատմամբ, որն արտադրվում են այն երկրներում, որոնք ենթարկվում են պատժամիջոցների, և մաքսատան ռուս աշխատակիցների մոտ կասկածներ են առաջացել: Հայկական կողմը, իր հերթին, դիմել է ռուս գործընկերներին՝ խնդրելով բացառության կարգով թույլ տալ անցկացնել ապրանքը, ինչին ի պատասխան՝ նրանց ասել են, որ անհրաժեշտ է անցկացնել փորձաքննություն, իսկ դրա ժամկետը կազմում է երեք աշխատանքային շաբաթ:

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հայկական կողմը դեռ չի ստացել փաստաթղթեր Ռուսաստանից, որոնց բովանդակությանը ծանոթանալու դեպքում միայն հնարավոր կլինի քննարկել ծագած խնդիրը:

Իր հերթին խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ մոտակա լաբորատորիան գտնվում է Նալչիկում, Վերին Լարսի անցակետից 130 կմ հեռավորության վրա: Նա առաջարկեց նախարարին՝ խնդիրը քննարկել ռուսական կողմի հետ, որպեսզի նման լաբորատորիաներ գործեն նաև հենց անցակետում: Դա, նրա խոսքով, թույլ կտա խուսափել սահմանային թյուրիմացություններից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպայկան տեղեկացրել էր, որ Վերին Լարսում 24 օր մնալուց հետո, առանց փորձաքննության գրավոր եզրակացության, ռուս մաքսային աշխատողները հետ են դարձրել 21 տոննա երկնագույն պանրով բեռնավորված ատոմեքենաները Հայաստան:

Բորբոսով կապույտն պանիրը «Սպայկայի» նոր արտադրանքն է, որն իր տեխնոլոգիական պայմաններով և որակով համապատասխանում է լավագույն եվրոպական պանիր արտադրողների արտադրանքին: Արտադրամասը բացվել է տարվա սկզբին՝ ՀՀ վարչապետի ու ՀՀ-ում ՌԴ դեսպանի մասնակցությամբ: Դրա ստեղծման համար արվել է ավելի քան 15 մլն եվրոյի ներդրում:

Մաքսատան գործընթացների արագացման համար, ընկերության հավաստմամբ, ռուս մաքսային աշխատողներին տրամադրվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ անասնաբուժական հավաստագրերը, արտադրության տեխնիկական պայմանների մասին փաստաթղթեր և այլն: Ընկերությունը հույս ուներ, որ իրենց արտադրության հիմնական շուկաներից մեկը կդառնա ՌԴ-ն՝ հաշվի առնելով ԵՏՄ միասնական մաքսային տարածքը և պատժամիջոցների բացառումը, ինչը մեծապես սահմանափակում էր որակյալ եվրոպական պանրի ներմուծումը ՌԴ: Հայկական վերլուծաբանների կարծիքով՝ հայ արտադրողները չպիտի կենտրոնանան բացառապես ԵՏՄ և առաջին հերթին՝ ռուսական շուկայի վրա, որը անկանխատեսելի վերաբերմունք ունի նաև Միության գործընկերների հանդեպ:

Այսպես՝ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի ղեկավար Էմիլ Ստեփանյանը կարծում է, որ նման վարքագիծը վարկաբեկում է ԵՏՄ-ի բուն էությունը՝ որպես առևտրային կազմակերպության: Նա կարծում է, որ հայկական պանիրը ռուսական շուկա չթողնելը ազդանշան է ամբողջ Հայաստանին, դա ՌԴ հայկական արտադրանքի արտահանման ամբողջական արգելքի ձևակերպումն է:«Մենք պիտի պետական մակարդակով մտածենք երրորդ երկրներ մեր արտադրանքի արտահանման խթանման մասին՝ ԵՄ, Չինաստան, ԱՄՆ, Աֆրիկա, Մերձավոր Արևելք»,-ընգծեց նա:

 

  • Կիսվել: