երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մյուս տարվանից շրջանառության մեջ կդրվեն նոր որակի ու ավելի անվտանգ դրոշմապիտակներ

Մյուս տարվանից շրջանառության մեջ կդրվեն նոր որակի ու ավելի անվտանգ դրոշմապիտակներ

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և  պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել:

«Վարչապետի հանձնարարությամբ՝  Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչև 36 միկրոնի: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նոր որակի դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխման ուղղությամբ»,-նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը: 

Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս, հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները: Տեխնիկական նոր պահանջներ են դրվել դրոշմապիտակների տպագրությունն իրականացնող ընկերության առջև. այն պետք է լինի նոր որակի և ավելի անվտանգ: Նոր դրոշմապիտակներն ավելի ապահով են, ունեն բարձր կպչողականություն: Դրանք պատրաստված են բացառապես թղթային հիմքով և ընդհանրապես չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ: 

Ի դեպ, փակցված  դրոշմապիտակները հնարավոր չէ լինի  ամբողջությամբ և առանց վնասելու պոկել: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ նոր դրոշմապիտակն ավելի ամուր է կպչում ապրանքներին, և, եթե անգամ նույնիսկ այն պոկվի, և երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա: 

  • Կիսվել: