երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մոսկվայի դեմ պատժամիջոցներից հետո 2022 թ․ Հայաստանի արտահանումը Ռուսաստան եռապատկվել է, իսկ 2023 թ․՝ կրկնապատկվել․ EurActiv

Մոսկվայի դեմ պատժամիջոցներից հետո 2022 թ․ Հայաստանի արտահանումը Ռուսաստան եռապատկվել է, իսկ 2023 թ․՝ կրկնապատկվել․ EurActiv

Չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների վատթարացմանը՝ երկկողմ առևտուրը ծաղկում է ապրում։ Այս մասին գրում է EurActiv եվրոպական լրատվական կայքը։

Մոսկվայի դեմ պատժամիջոցներից հետո 2022 թվականին Հայաստանի արտահանումը Ռուսաստան եռապատկվել է, իսկ 2023 թվականի հունվար-օգոստոս ընկած ժամանակահատվածում՝ կրկնապատկվել։

Թեև Հայաստանի քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն վատթարացել են, Ռուսաստանի հետ երկկողմ առևտուրը ծաղկում է ապրել:

2023 թվականին Ռուսաստանի հետ առևտուրը կազմել է երկրի արտաքին առևտրի ավելի քան 35%-ը, մինչդեռ ԵՄ-ի մասնաբաժինը ընդհանուրում կազմել է 13%:

Ռուսաստանի հետ առևտրից Հայաստանի տնտեսության մեծ կախվածությունը գործնականում անհնար է դարձրել երկրի համար միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին՝ առանց տնտեսական աննախադեպ անկման վտանգի: Այնուամենայնիվ, ռուսական շուկայից աճող տնտեսական կախվածությունը չի խոչընդոտում Հայաստանի կառավարության՝ երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումն աստիճանաբար դեպի Արևմուտք փոխելու փորձերին։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 5,3 միլիարդ դոլարի, ինչը արագ տեմպերով շարունակվել է 2023 թվականին և 2024 թվականի առաջին ամիսներին։ Ռուսաստան հայկական արտահանման աճը մեծապես պայմանավորված է երրորդ երկրներից ապրանքների վերաարտահանմամբ։

ՄԱԿ-ի Comtrade տվյալների բազայի համաձայն՝ վերջին երկու տարիներին Հայաստանից Ռուսաստան արտահանված ապրանքների ցանկը ներառում է բջջային հեռախոսներ, համակարգիչներ, ականջակալներ և այլ սարքավորումներ։ Վերջին ամիսներին աճում է նաև ադամանդի և ոսկու վերաարտահանումը։

Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից պատժամիջոցների հնարավոր շրջանցման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով 2023 թվականին երկրի իշխանությունները պարտադիր պետական ​​լիցենզիաներ են մտցրել Ռուսաստանին միկրոչիպերի, տրանսֆորմատորների, տեսախցիկների, ալեհավաքների և այլ էլեկտրոնային սարքավորումների մատակարարման համար։

Նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումները, որոնք թույլ են տալիս ԱՄՆ վարչակազմին վերահսկել Ռուսաստանի հետ առևտուրը:

2024 թվականի մարտին Եվրախորհրդարանը նույնպես դրական է գնահատել պատժամիջոցների պայմաններում Հայաստանի համագործակցության ընդհանուր փորձը։

Եվրախորհրդարանը նշել է, որ չնայած դեպի Ռուսաստան արտահանման աճին, պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը որևէ մտահոգություն չի հայտնել ԵՄ-ի հետ Հայաստանի իշխանությունների համագործակցության վերաբերյալ պատժամիջոցների շրջանցումը կանխելու հարցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: