երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին է ներկայացրել Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները

Մհեր Գրիգորյանն ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին է ներկայացրել Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյի հետ, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ: Այդ մասին ասված է Կառավարության պաշտոնական կայքում:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ԱԶԲ գործադիր տնօրենի տեղակալին ներկայացրել է Կառավարության ծրագրում արտացոլված հիմնական նպատակները՝ առանձնացնելով ԱԶԲ-ի հետ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները:

Քերըն Մյուրեյը նշել է, որ պատիվ է Հայաստանը ներկայացնելու ԱԶԲ-ում և շեշտել, որ իր այցի հիմնական նպատակը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների հետ ծանոթանալն է:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու կառուցմանը, ջրային և կապի ոլորտներում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ոլորտում, մասնավորապես՝ կրթության բնագավառում նախատեսված բարեփոխումներին:

Երկուստեք կարևորվել է մասնավոր ոլորտում ԱԶԲ-ի հետ առկա ծրագրերը, այս համատեքստում ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման կարևորությունը և էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տրանսպորտային ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտում Կառավարության կողմից նախատեսված քայլերի և ԱԶԲ-ի հետ համագործակցության շուրջ:

  • Կիսվել: