շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում գնաճի վրա, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու. ԿԲ նախագահ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում գնաճի վրա, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու. ԿԲ նախագահ

Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հնարավոր է՝ ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա։

Կենտրոնական բանկի գնահատականներով՝ դա կկազմի 1.2-ից 1.7 տոկոս։

«Սա ռիսկերի տիրույթում է, մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7 տոկոս»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝  Միջին Արևելքում հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ՝ գնաճի ավելացման տեսանկյունից։

«Դա բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի ու տնտեսական զարգացումների վրա»,- ընդգծեց Գալստյանը։

ԿԲ նախագահն ասաց, որ եթե արտաքին պահանջարկը նվազեց, բնականաբար, կազդի Հայաստանի տնտեսության արդյունքների վրա։

«Դրանք ոչ միայն լինելու են տնտեսական, այլև՝ հոգեբանական, օրինակ՝ մարդիկ, ովքեր տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են ինչ-որ վատ սցենարներով՝ կարող է զերծ մնան այս տարի Հայաստան այցելելուց»,- ասաց նա։

Պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից խնդիր կարող է լինել նաև հայկական ընկերությունների կողմից Միջին Արևելքի շուկաներում  ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումը։

ԿԲ նախագահն ասաց, թե գնաճի մասով այս պահին դեռ դիտարկում չկա, արդեն մարտի գնաճի մեջ պետք է երևա, իսկ մարտ ամսվա գնաճի թվերը դեռ չկան, կա փետրվարինը, որտեղ արտացոլված չեն այն զարգացումները, որոնք տեղի են ունենում։

  • Կիսվել: