«Մեր հողերը մեր ձեռքից խլում են»․ Վարդենուտի բնակիչները կրկին կառավարության մոտ են (ուղիղ)
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում։
«Կառավարությունը գերակա շահ է ճանաչել, այդ հողերը դատարանում օտարել են։ Մոտ 40 անձանց հողեր օտարել են։ Գյուղում մեծամասնությունը զբաղվում է անասնապահությամբ, եթե հող չունենք, գյուղում ինչի՞ ենք ապրում։ Այդ մարդը որևէ ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ չի սարքելու։ Մեր հողերը մեր ապրուստի միակ միջոցն են»,- ասաց բնակիչներից մեկը։
Նա պատմեց, որ վերջին անգամ իրենց հետ հանդիպել է Էկոնոմիկայի նախարարը, սակայն մինչև օրս արձագանք չկա․ «Գևորգ Պապոյանը մեզ խոստացավ, որ կհանդիպի ներդրողների ու վարչապետի հետ, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել»։
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ և որոշել փոխանցել վերը նշված ընկերությանը։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել` ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։
Նշենք, որ հունիսի 24-ին վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ «Ռիդ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար, ինչից դժգոհ են բնակիչները։