շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. Գևորգ Պապոյան

Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. Գևորգ Պապոյան

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել գնաճի արագացում: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: 

Նա նշեց. ՛՛Մի շարք երկրներում և, ընդհանրապես, ամբողջ աշխարհում գները շարունակում են աճել: Մեր երկրում գնաճն այդքան բարձր չէ. այս տարվա ընթացքում միջինը շուրջ 9 տոկոս է կազմել՛՛:

Պապոյանի խոսքով՝ թեև Ազգային ժողովը սահմանել է որոշակի թիրախներ, սակայն իրավիճակի բարելավում չի նկատվում:

Նշեռնք, որ հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ՛՛Գնաճը, արդի խնդիրները և լուծման ուղիները՛՛ հարցը: Քննարկմանը ներկա են եղել գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև գործարար հանրույթի ներկայացուցիչներ:

Մեր երկրում գնաճային իրավիճակը ներկայացնելով՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ասաց, որ Կենտրոնական դրամատունն իրականացրել է նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն: Համավարակով պայմանավորված` 2020 թ. վերջից գները բարձրացել են:

Նրա խոսքով՝ երկրորդ գործոնը, որն ազդել է գների աճի վրա` ռուս-ուկրաինական հակամարտությունն է: ԿԲ նախագահի հավաստմամբ` համաշխարհային հացահատիկի շուրջ 30 տոկոսն արտադրում են Ռուսաստանը և Ուկրաինան: ՛՛Եթե դրսում ցորենի գինը թանկանում է, այն անմիջապես ազդում է մեր գների վրա՛՛,-պարզաբանեց ԿԲ նախագահը:

Նա նաև հավելեց. ՛՛2021 թ. նոյեմբերին գնաճը 9.6 տոկոս էր, սակայն մեր իրականացրած քաղաքականության արդյունքում փակեցինք 7.7 տոկոսով»,- նշել է Մարտին Գալստյանը:

Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ Կառավարության վարած հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 6 ամիսների ընթացքում ավելի շատ հարկեր են հավաքագրվել:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ պարենային շուկայի խնդիրներին: Ըստ նրա` շուկան է կարգավորում գները. ՛՛Տարածաշրջանային որոշ երկրներ, գնաճը կանխելու նպատակով, փորձել են միջամտել գնային քաղաքականությանը, ինչը հանգեցրել է, այսպես կոչված, սև շուկաների ստեղծմանը՛՛:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն առաջարկեց սուբսիդավորել արտահանող ընկերություններին, ինչի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, և հարցը նախ պետք է լուծվի գործադիր իշխանությունում, ապա ներկայացվի օրենսդիր մարմնին:

Պատասխանելով գնաճի վերաբերյալ պատգամավորների հարցերին՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ վերջին 16 տարվա ընթացքում ԿԲ-ն ամեն ինչ արել է, որ գնաճը մնա 4 տոկոսի սահմաններում: Նա հավելել է, որ արտահանողների խնդիրների լուծման համար Կենտրոնական դրամատունը շուրջ 300 մլն դոլար է ձեռք բերել շուկայից:

  • Կիսվել: