չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Oրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին․ Առուշանյան

Oրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին․ Առուշանյան

 Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները, քաղաքները, գյուղերը,օրենքով ամրագրված է, որ մեր բյուջեի 5 տոկոսի չափով պետք է գումար տրամադրենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։

«Այս դեպքում Գորիս համայնքը ընդունել է 773 միլիոն դրամ, հիմա 1 միլիարդ 200 միլիոն է, այսինքն՝ դրա 5 տոկոսը կազմում է մոտ 60 միլիոն դրամ, դա մենք տրամադրում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին։ Քաղաքացիները դիմում են իրենց խնդիրներով, մենք փորձում ենք խնդիրներին լուծում տալ։ Օրենքով նաեւ ամրագրված է, որ ես յուրաքանչյուր ամիս պետք է այցելեմ բնակավայրեր եւ մարդկանց խնդիրները լսեմ եւ այդ գումարով փորձեմ որոշակի օգնություն տրամադրել։ Այդ նույնը եղել է 2017 թվականին, 2007 թվականին, ինձնից առաջ, դա բնականոն աշխատանք է։ Դա անում են ոչ թե լավ գնահատականի համար, այլ դա մեր աշխատանքն է։ Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից, դա ուղղակի մեր աշխատանքն է»,- ասաց Առուշ Առուշանյանը։

Հարցին՝ արդյոք այդ գումարը փոխանցելիս ինքը հորդորե՞լ է, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին, Առուշանյանն ասաց. «Այս 3,5 տարվա մեջ նման բան երբեք չի եղել եւ չի էլ կարող լինել։ Ձեր նշած գյուղում ես 2-3 ամիսը մեկ լինում եմ, եղել եմ 2018-ին, 2019-ին, 2020-ին»։

Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերին կալանավորելու գործընթացին՝ Գորիսի քաղաքապետն արձագանաքեց. «Սյունիքում պայքարող բոլոր այն համայնքի ղեկավարներն են, որոնք բարձր քվեներով ընտրվել են, ժողովրդի կողքին են եւ այդ մարդիկ ունեն կազմակերպչական մեծ ջիղ, դա արդեն ցույց են տվել եւ՛ իրենց աշխատանքում, եւ՛ պատերազմում»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

 

  • Կիսվել: